Պայթյուն Մարալիկի գազալցակայանում. Կան տուժածներ (Տեսանյութ)
03-07-2015 17:16:46 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
Մարալիկի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են գազալցակայանի երկու աշխատակիցներ՝ Արշակ Մանուկյան՝ ծնված 1948թ., եւ Բաբկեն Մակարյան՝ ծնված 1963թ.: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Նախնական տեղեկությունների համաձայն, գազալցակայանի աշխատակիցները տուժել են ներսում աշխատանքներ կատարելիս: Ըստ երեւույթին տեխնիկական որոշ խնդիրներ են եղել, ինչը հանգեցրել է պայթյունի:
Գյումրիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ Բաբկեն Մակարյանին կտեղափոխեն Երեւան, մյուս տուժածի վիճակը նորմալ է:
«Ժամը 14:10 րոպեի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն Մարալիկի շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել են երկու հիվանդ: Գազալցակայանում աշխատանքի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն: Մեկի մոտ ախտորոշվել է թոքի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսը կազմող փակ կողերի կոտրվածք, մյուս հիվանդի մոտ՝ աջ սրունքի փափուկ հյուսվածքի սալջարդ: Կենսական կարեւոր օրգանների հետ կապված հիվանդը խնդիրներ չունի»,- ԳԱԼԱ-ին տեղեկացրեց անեսթեզիոլոգ Աշոտ Քաբաբյանը: