Գյումրեցիներն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նոր ռազմավարություն են մշակում (Տեսագրություն)


Գյումրեցիներն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նոր ռազմավարություն են մշակում (Տեսագրություն)

  • 03-07-2015 17:21:26   | Շիրակի մարզ  |  Հասարակություն


elektraenergia NSTACUYC

Գյումրեցիներն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարն ավարտված չեն համարում ու նոր ռազմավարություն են մշակում:

Այս մասին այսօր Գյումրիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին պայքարը Գյումրիում համակարգող խմբի անդամները: Ինչպես հայտնի է, գյումրեցիներն իրենց պահանջների մեջ ներառել էին միջազգային անկախ աուդիտորական հանձնաժողովի ձեւավորումը, որը պետք է ուսումնասիրի եւ մանրամասն ներկայացնի, թե որքանով է հիմնավոր հոսանքի սակագնի բարձրացումը, երկրորդ պահանջն այն է, որ սակագնի բարձրացման դեպքում գումարները պետական միջոցներից չփոխհատուցվեն, եւ երրորդ հիմնական պահանջը՝ որոշման չեղարկում: Այսօր ակտիվիստները հայտարարեցին, որ իշխանությունները որոշակի զիջումների գնացել են, սակայն այն չի բավարարում, հետեւաբար պայքարի նոր ռազմավարություն են մշակում:

«Մեզանից ցանկացածն ազատ է, եւ կիսելով Բաղրամյանում տեղի ունեցող պրոցեսների օրակարգը՝ Գյումրիում անհատապես ձեռնարկել տարբեր բողոքի ակցիաներ, կամ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր դա կանեն»,- նշեց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Արմեն Ներսիսյան

Արմեն Ներսիսյան

Իր հերթին համակարգող խմբի անդամ Արմեն Ներսիսյանն ընդգծեց, որ միֆը, թե այս իշխանությունների դեմ խաղ չկա, արդեն հօդս է ցնդել. «Մենք գիտենք, որ մի շարք մեխանիզմներ գոյություն ունեն, որոնք դեռեւս անհասկանալի են, այստեղ արդեն պայքարի նոր գործիքներ են ընտրվել, ինտելեկտուալ պայքարի մասին է խոսքը, որն այժմ մշակվում է մեր կողմից»,- նշեց Արմեն Ներսիսյանը:

Ղարիբ Հարությունյան

Ղարիբ Հարությունյան

Համակարգող խմբի անդամ, ակտիվիստ Ղարիբ Հարությունյանն ամփոփեց Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերն ու հանրային քննարկումները ու որպես կարեւոր առանձնահատկություն նշեց քաղաքացիների համախմբվածությունը. «Այսինքն՝ ջիգյարով միմյանց կողքին գտնվելը, դրանով մենք միանշանակ առանձնանում ենք: Իհարկե Երեւանում էլ կա համախմբվածություն, բայց Գյումրիում առավել մեծ ոգի կա ու շարունակում է լինել: Պայքարողների մեծ մասը մեծ հաշվով այդ յոթ դրամի թանկացումն իր վրա չէր զգալու, իրենք պայքարում էին ու պայքարելու են ոչ միայն իրենց, այլ ցանկացածի համար»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյան

Այնուհետ ասուլիսի բանախոսներն անդրադարձան գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, այն համարեցին անօրինական ու հայտարարեցին, թե իրավապահ մարմիններին մինչեւ հուլիսի 7-ը ժամանակ են տալիս ակտիվիստի նկատմամբ հետապնդումները դադարեցնելու համար. «Եթե մինչեւ չորեքշաբթի որեւէ լուծում չտրվի այս հարցին, ապա այն բոլոր մարդիկ, ովքեր պայքարի օրերին կանգնած էին, ովքեր գիտեն, թե ինչ հիմքի վրա է այսօր մեղադրանք առաջադրվել գյումրեցի երիտասարդ դասախոսին, իրենք իրենց գործողությունները կանեն: Այսինքն կախված ընթացքից, կախված մեղադրանքի բնույթից կամ այն մեխանիզմներից, որոնց այսօր որոշակի ուժեր փորձում են լռեցնել, սակայն չի ստացվի, մենք մեր մոտեցումները շատ հստակ կֆիքսենք»,- նշեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առթիվ՝ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք՝ այդ օրը, երբ ոստիկանությունը վաղ առավոտյան ուժ կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ խաղաղ նստացույց իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որպես բողոքի ու անհնազանդության նշան հունիսի 23-ի լուսադեմին Գյումրիում նստացույց իրականացնող ակտիվիստները փակեցին Սայաթ-Նովա փողոցը: Ոստիկանները 13 ակտիվիստի բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրի բաժին: Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում բերման ենթարկված 12 ակտիվիստները հարցաքննվեցին որպես վկա, իսկ Կարեն Պետրոսյանը՝ որպես կասկածյալ: Այնուհետ նրան մեղադրանք առաջադրվեց. գյումրեցի ակտիվիստների համար անհասկանալի է, թե ինչու.

«Յուրաքանչյուրս կանգնած ենք Կարեն Պետրոսյանի կողքին, մենք սկսել ենք որոշակի գործողություններ ձեռնարկել, առաջիկայում դրանց ականատես կլինեք: Մտածում ենք, որ միգուցե մի քանի օր ժամանակ է պետք իշխանություններին լավ խորհելու եւ վերջնական որոշում կայացնելու համար: Եվ մինչեւ հուլիսի 7-ը ավելի զուսպ գործողություններ կիրականացնենք: Բայց եթե մինչեւ հուլիսի 7-ը չենք տեսնում գործի հանգուցալուծում, կդիմենք առավել ոչ զուսպ գործողությունների»,- հայտարարեց ակտիվիստ Ղարիբ Հարությունյանը:

Կարեն Պետրոսյան

Կարեն Պետրոսյան

Կարեն Պետրոսյանն, անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, այն որակեց շինծու ու նշեց, թե պահանջելու եւ պայքարելու է, որպեսզի այս գործում ներքաշված եւ անօրինական գործունեություն իրականացրած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն. «Կարծում եմ, որ իրենք պետք է այնքան մարդկայնություն, խելք, թասիբ ունենան, որ կարճեն այս գործը: Սա միայն Կարեն Պետրոսյանի հարցը չէ, նրանք չպիտի կարողանան այս երկրի մտավորականի վրա ցեխ շպրտեն: Ես որեւէ չարություն չունեմ իրենց նկատմամբ, ուղղակի ասում եմ՝ ամոթ է: Գործ սարքողները պետք է պախարակվեն հասարակության կողմից, որ Գյումրիում իրենց նմաններին ասեն՝ դու գործ տվող ես»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Նոյյան տապան  -   Հասարակություն