Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է (Տեսանյութ)


Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է (Տեսանյութ)

  • 03-07-2015 18:46:54   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն


Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է (Տեսանյութ)

 

 

Տավուշի մարզի Այգեհովիտ – Վազաշեն - Պառավաքար համայնքներն իրար կապող նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն անվտանգ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 

 
Միջպետական ճանապարհի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:

 
Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612,8 մլն դրամ նախահաշվային արժեքով:

 
2014թ. փետրվարի 27-ին «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519 759 908 ՀՀ դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետի խախտման հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել:
 
2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն` աշխատանքներն իրականացրել է «Խաչհար» ՍՊ ընկերությունը։

 
Կապալի պայմանագրի արժեքը կազմել է 356 341 937 ՀՀ դրամ: Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին: Սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, տեղումների առատությունը թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում իրականացնել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից որոշում կայացվեց ժամանակավորապես դադարեցնել ճանապարհի կառուցման աշխատանքները:

 
«Խաչհար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2015թ. հուլիսի վերջը: Կապալառու ընկերությունը պարտավորվեց աշխատանքներն ավարտել 2014թ. կնքված պայմանագրի գումարի շրջանակներում:
 
 
Կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը:

 
Մասնավորապես, ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է անվտանգ երթևեկի համար պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ՝ 150մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ: Կառուցված 6 ոլորանները, որոնց լայնությունը 10-12մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով  մեծ բեռնատարների շարժը:

 
Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։
 
Ճանապարհի կառուցման աշխատանքների ողջ ընթացքը գտնվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության ներքո:

 
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով՝ կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը, ճանապարհը հուսալի է, կառուցված է որակով։

 
Ճանապարհի կառուցման ընթացքում կիրառվել են նորարարական մոտեցումներ: Մասնավորապես՝ ասֆալտը պատրաստվել է տեղում՝ իտալական սարքավորումներով շարժական գործարանում, ինչի արդյունքում մի քանի անգամ արագացել է ասֆալտի փռման գործընթացը:

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ անվտանգության նկատառումներով կառուցված պատի դիրքն ընտրվել է տևական ուսումնասիրությունների արդյունքում. «Հիմա ադրբեջանական դիրքերից դեպի ճանապարհ տեսադաշտը փակ է»:

 
Ճանապարհով երթևեկող վարորդները գոհ են շինարարների աշխատանքից «Ճանապարհը շատ լավն է, որակով, կարևորը՝ անվտանգ է»,- ասում են նրանք։

 
Ճանապարհի կենսական կարևորությանն է անդրադառնում Վազաշեն համայնքի գյուղապետ Լորիկ Բադիրյանը.

 
«Այս ճանապարհը բավականին մեծ նշանակություն ունի մեզ համար, ժողովրդի հանգստության համար։ Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ ադրբեջանի կողմից դիպուկահարները վնասել են մեր բնակիչներին»,-ասում է նա:
 
Կառուցված ճանապարհի երաշխիքային ժամկետը 3 տարի է, որից հետո այն կհանձնվի պահպանության:
 
Մանրամասները՝ տեսանյութում...
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն