Ոչ պատշաճ իրազեկման պատճառով շատ վարորդներ չեն օգտվել տուգանքների համաներման հնարավորությունից
03-07-2015 20:56:18 | Հայաստան | Հասարակություն
Ոչ պատշաճ իրազեկման հետեւանքով Հայաստանի քաղաքացիները կարող են կանգնել լուրջ խնդտրների առջև ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքների վճարման հարցում: Ինչպես հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աքիլես» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն (ԱԻՊԿ) ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը, 2015 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարության որոշման մասին՝ կապված տուգանքների համաներման հարցին, հանրությունը իրազեկվել է միայն azdarar.am կայքի միջոցով, ինչը բավարար չէ ողջ հասարակությանը տեղեկացնելու առումով:
Ա. Մկրտչյանի խոսքով` տուգանքների համաներման վերջնաժամկետը հուլիսի 9-ին ավարտվում է, իսկ դա նշանակում է, որ վերհոնշյալ որոշմումից անտեղյակ վարորդներին դարձյալ կուղարկվեն կրկնապատկված, եռապատկված տուգանքների մասին ծանուցումներ:
Ըստ նրա` վեց ամիս առաջ ուժի մեջ մտած այս որոշման համաձայն ճանապարհային խախտումներ թույլ տված ավտովարորդները պարտավորվել են վճարել միայն մայր գումարները:
Նա կոչ արեց բոլոր վարորդներին մինչև հուլիսի 9-ը վճարել տուգանքների մայր գումարները, որպեսզի հնարավորություն ունենան խուսափել դատական ակտերի հակադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) տուգանքներից:
Ըստ «Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննսիյանի` եթե տուգանքների համաներման որոշման մասին այս կարճ ժամանակահատվածում բավարար չափով չիրազեկվի հասարակությանը, ապա տուգանքների վճարման խնդիրը ևս կդառնա սոցիալական մեծ բողոքի ալիքի պատճառ և կխորացնի հասարակության ներկայիս վրդովմունքը:
Է. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացնում է մշտադիտարկում, որի արդյունքում ճանապարհային երթևեկության հետ կապված թերությունների, առաջարկությունների և բացթողումների հայտնաբերման դեպքում վարորդները կարող են դիմել «Աքիլես» ԱԻՊԿ կենտրոն. «Կոչ ենք անում վարորդներին թերությունների, ծուղակների հետևանքով տուգանքներ ստանալու դեպքում դիմել «Աքիլես» կենտրոն, որպեսզի մենք իրենց դիմումները ներկայացնենք համապատասխան մարմիններին, մասնավորապես ճանապարհային ոստիկանությանը և քաղաքապետարանին»,- ասաց Է. Հովհաննիսյանը: Միաժամանակ բանախոսը նշեց, որ բազմիցս եղել են դեպքեր, երբ վերհոնշյալ խնդիրներով դիմել են ճանապարհային ոստիկանություն և քաղաքապետարան, որոնք նշում են, թե դա իրենց իրավասության մեջ չի մտնում. «Ստացվում է, օրենքով պատասխանատվություն կրողը հրաժարվում է հարցին լուծում տալուց»: