Ինչո՞վ է աշխատում դատարանի էլեկտրոնային ժամատախտակը


Ինչո՞վ է աշխատում դատարանի էլեկտրոնային ժամատախտակը

  • 03-07-2015 18:53:43   |   |  Իրավունք

Հուլիսի 2-ին ժամը 17:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 19-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և Փնջիկ Թերոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Նշանակված ժամին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը և Փնջիկ Թերոյանը ներկայացել էին դատարան, սակայն, դատարանում վերջիններիս տեղեկացրել էին, որ համակարգչի խնդիր ունեն, ինչպես նաև տեղեկություն են ունեցել այն մասին, որ այդ օրը՝ ժամը 16:30-18:00-ը էլեկտրաէներգիա չի լինելու և այդ պահին նույնպես դատարանում լույս չկա: Այդ իսկ պատճառով իրենք դատական նիստը հետաձգել են: Մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը և Փնջիկ Թերոյանը տեսել են, որ դատարանի միջանցքում դրված էլեկտրոնային ժամատախտակը միացված էր և, այն պահին, երբ  Փնջիկ Թերոյանը բարձրաձայն հարցրել է, թե որ լույս չկա՝ ինչպես է ժամատախտակը միջանցքում միացված, այն նույն պահին անջատել են և կրկին նշել, որ դատարանում իրականում լույս չկա:
 
Հիշեցում.  ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած Վանաձորի բնակչուհի Փնջիկ Թերոյանը, հայտնել էր, որ 2012 թ. ապրիլի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանւթյուն: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ: Փ. Թերոյանը հայտնել է, որ իրականացված քննչական գործողությունների ժամանակ քննիչի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, մասնավորապես քննչական գործողություններում որպես ընթերականեր ընդգրկվել են ոստիկանության աշխատակից և գոյություն չունեցող անձինք: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կծանուցվի հաջորդ դատական նիստի մասին:
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նոյյան տապան  -   Իրավունք