Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի նիստի աշխատանքներից


Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի նիստի աշխատանքներից

  • 03-07-2015 19:55:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
1 / 3

Հուլիսի 3-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը: ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը, անդամներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի՝ օրերս Մինսկում կայացած նիստի աշխատանքներից: Ասուլիսի բոլոր անդամները բարձր են գնահատել Բելառուսում հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու հայ-բելառուսական համագործակցությունը:

Հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Բելառուսի Հանրապետությունում` Մինսկում, այնուհետեւ նաեւ՝ Բրեստում, հանդիպումներ են եղել Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, ինչպես նաեւ՝ Բրեստի նահանգի ղեկավարության հետ: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հուլիսի 3-ը նաեւ Բելառուսի Հանրապետության անկախության օրն է. 71 տարի առաջ Բելառուսի ժողովուրդն ազատագրվել է ֆաշիզմից, ինչի առիթով նա շնորհավորել է բարեկամ եւ եղբայր բելառուս ժողովրդին: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ըստ նրա՝ երկկողմ քաղաքական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ինչը չի կարելի ասել առեւտրատնտեսական հարաբերությունների մասին: Նրա խոսքով՝ դրանք քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար պետք է անել ամեն ինչ: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը: Ըստ այդմ՝ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները հիմնականում արդյունավետ համագործակցում են տարբեր խորհրդարանական հարթակներում, սակայն եղել են պահեր, երբ այդ համագործակցությունն ամբողջապես դաշնակցային չի եղել: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի վերաբերյալ հայկական կողմը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը: «Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ մեզ համար անթույլատրելի են Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Պատվիրակությունը հուլիսի 1-ին Բրեստ քաղաքում մասնակցել է նաեւ Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը: Նրա տեղեկացմամբ` խաչքարի բացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ մոսկվաբնակ ջավախքցի բարերար Անդրանիկ Սուրվալյանը:

Հաջորդ հարցը, որի շուրջ Բելառուսում տեղի են ունեցել քննարկումներ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի առաջարկով անցյալ տարի Երեւանում քննարկված հայ-բելառուսական համատեղ գյուղատնտեսական մեքենաների սպասարկման արտադրություն կամ գործարան հիմնելու գաղափարն էր: Բելառուսական կողմը նշել է, որ պատրաստ է համակողմանի քննարկել Գյումրիում նման արտադրամաս կառուցելու հարցը: ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը նշել է, որ պատվիրակության ղեկավարի հետեւողականության շնորհիվ Գյումրիում գյուղատնտեսական մեքենաների արտադրամասի ստեղծման գաղափարը բարեկամ երկրում այս անգամ ավելի ընդգծված պարտավորություն է առաջացրել: Պատգամարվորն ակնկալում է, որ ոչ հեռու ապագայում այն կարող է կյանքի կոչվել: Ըստ նրա` այս այցի շնորհիվ հայ-բելառուսական քաղաքական հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի են հասել:

Արծվիկ Մինասյանը եւս բարձր է գնահատել այցը, կարեւորել համագործակցության հանձնաժողովի համանախագահների սերտ գործակցությունը: Նա նույնպես կարեւորել է Գյումրիում նման գործարան հիմնելու գաղափարը` նշելով, որ քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնց լուծում տալու համար դրանք կներկայացվեն կառավարությանը: Պարոն Մինասյանը վստահեցրել է, որ Բելառուսի տնտեսական վիճակը հուշում է, որ այդ երկրի հետ համագործակցությունը կարող է շահավետ լինել Հայաստանի համար:

Գագիկ Մելիքյանն էլ նշել է, որ բոլոր հանդիպումների ընթացքում մեծ տեղ էր տրվում հայերի ներդրմանը հատկապես Բելառուսի ազատագրման գործին: Նրա խոսքով` բարձր գնահատանքի է արժանացել նաեւ Բրեստում տեղադրված խաչքարը, որը հազվագյուտ հուշակոթող է: Պարոն Մելիքյանը եւս, անդրադառնալով Բելառուսի հետ համագործակցությանը, նշել է, որ այն երկկողմ արդյունավետության կհանգեցնի` Հայաստանին բերելով նաեւ տնտեսական աճ:

Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն