ԵԿՄ եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարը


ԵԿՄ եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարը

  • 04-07-2015 15:35:37   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
ԵԿՄ եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար` Զորավարի գավաթ:
 
Այս տարի խաղարկությանը մասնակցեցին մայրաքաղաքի եւ Հանրապետության տարբեր մարզերի մոտ 2 տասնյակ թիմ: Այսօր կայացած 3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի թիմին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երեւանի <<Փյունիկը>>, որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց <<Մերձավանին>>:
 
Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողների մրցանակներ էր սահմանել` առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան եւ լավագույն հարձակվող: հատուկ մրցանակի արժանացավ նաեւ մրցաշարի լավագույն գոլի հեղինակը:
 
Էջմիածնի քաղաքապետարանը ոչ միայն մրցաշարի համակազմակերպիչ էր, այլեւ` հովանավոր: Հովանավորներից էին նաեւ <<Արա եւ Այծեմնիկ>> ԲԲԸ-ն ու <<Արփինետ>> ՍՊԸ-ն:
 
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
 
ԵԼՈՒՅԹԸ
 
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶՈՐԱՎԱՐԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
 
Հարգելի՛ ներկաներ.
 
Շնորհավորում եմ բոլորիս երկրապահական հերթական գեղեցիկ միջոցառման կայացման փաստի առիթով:
 
Սպորտը, մասսայական ֆիզկուլտուրան անչափ կարեւոր ոլորտներ են: Սպորտսմենների առավելությունը ես զգացել եմ դեռ ռազմի դաշտում՝ Արցախյան պատերազմի ժամանակ: Մարզիկներն առավել արագաշարժ էին, առավել ճկուն: Ի դեպ, մեր կողքին, զենքը ձեռքին, հայրենյաց սահմանների պաշտպանության եւ ազատագրման համար մարտնչում էին նաեւ անվանի մարզիկներ: Մարզական միջոցառումներն էլ պատերազմական առօրյայի մաս էին կազմում: Ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջեւ ֆուտբոլի, վոլեյբոլի, այլ մարզաձեւերի մրցաշարեր էի կազմակերպում: Այդ մրցաշարերը նպաստում էին բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու ընդանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Իզուր չի ասված՝ առողջ մարմնում առողջ հոգի: Դա է պատճառը, որ Երկրապահն այսօր եւս մեծ կարեւորություն է տալիս սպորտին, ընդհուպ՝ կոնկրետ մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների նախագահությունը երկրապահներ են իրականացնում: Ինքս ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ, ֆեդերացիայի անմիջական ղեկավարմամբ զբաղվում է Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ այսօր ավարտված ֆուտբոլի ավանդական մրցաշարի հիմնական կազմակերպիչներից է:
 
Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ եւ շնորհավորում եմ հաղթող, մրցանակակիր թիմերին, անհատական մրցանակների արժանացած մարզիկներին: Ես շնորհավորում եմ մրցաշարի բոլոր մասնակիցներին, քանզի այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան: հաղթել ենք բոլորս, հաղթել է հայկական սպորտը, հաղթել է երկրապահական ավանդույթը:
 
Միասնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի առաջիկայում լրջագույն, համազգային հաղթանակներ ունենանք եւ խաղաղություն եմ մաղթում հայոց աշխարհին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն