Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի<br />


Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի

  • 13-12-2010 15:44:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը դեկտեմբերի 12-ի առավոտյան այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը մատուցեց Ս. Պատարագ: Արարողության ավարտին Իլարիոն միտրոպոլիտն օրհնության իր խոսքն ուղղեց ռուս համայնքի ներկայացուցիչներին: Ներկաներին ողջունեց նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետեւ պատվիրակները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնի առանձնազրույցը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, հանդիպումից հետո պատվիրակությունը ներկա գտնվեց Սուրբ Պատարագին, որի ընթացքում պատարագիչ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ողջունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներին` շեշտելով եղբայրական փոխայցելությունների կարեւորությունը: Ս. Պատարագի երգեցողությանը մասնակցում էր նաեւ իտալահայ հանրահայտ մեներգչուհի Ռոզի Սվազլյանը: Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց, ուր Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներին ընդունեց դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը: Հյուրերը հանդիպում ունեցան ճեմարանականների հետ` ունկնդրելով նրանց ներկայացրած գեղարվեստական հայտագիրը: Վերջում Իլարիոն միտրոպոլիտն իր պատգամը բերեց ուսանողներին, հանգամանորեն պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն