12-րդ «Ոսկե ծիրանը» օտարերկրյա դեսպանությունների հետ համատեղ իրականացնելու է մի քանի ծրագրեր (տեսանյութեր և ֆոտոշարք)


12-րդ «Ոսկե ծիրանը» օտարերկրյա դեսպանությունների հետ համատեղ իրականացնելու է մի քանի ծրագրեր (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 08-07-2015 17:44:19   | Հայաստան  |  Մշակույթ



«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի մի շարք նախաձեռնություններ իրականացվելու են  ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ռուսաստանի դեսպանությունների աջակցությամբ: Ինչպես հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, փառատոնի ամենասերտ գործընկերների հետ առաջին տարին չէ , որ իրականացվում են համատեղ ծրագրեր:
Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ  կիրականացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը` «Աղավնի օրագիրը», «Ես սիրվելու համար չեմ այստեղ», «Ֆիդելիո», «Մուրճի վերջին հարվածը», «Դաժանը», «Կապրիս»: 
Ըստ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆարնսուա Շարպանտիեյի`«Ոսկե ծիրանը» հրաշալի հնարավորություն է հայ հանդիսատեսին ծանոթանալու  միջազգային ֆիլմարվեստի լավագույն դրսևորումների հետ: Նրա խոսքով` շատ կարևոր է նաև անվանի կինոգործիչների ներկայության ապահովումը փառատոնի ընթացքում: 
Տեղեկացվեց, որ  «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի բացվելու է ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն»-ը ֆիմով, Ֆրանսիական նոր կինո» ծրագրը` «Կապրիս»  ֆիլմով: Փառատոնի շրջանակներում շուտով Հայաստան կժամանեն Ռոբեր Գեդիգյանը և ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն: Վերջինս ներկա է գտնվելու իր մասնակցությամբ նկարահանված «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի երևանյան պրեմիերային
 12-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի նաև «Գերմանական նոր կինո» ծրագիրը, որի շրջանակներում կցուցադրվեն «Փյունիկ», «Երբ մենք երազում էինք», «Մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ», «Շյոնեֆելդ բուլվարը», «Սիրած քույրեր» ֆիլմերը: 
ՀՀ Գերմանիայի դեսպանության մշակութային ատաշե Աննեմարի Կուլումանի տեղեկացմամբ` այս տարի Գերմանիայից «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվի 20 ֆիլմ և 20 համարտադրություն. «Գերմանական թեմայի լայն ընդգրկում ունեցող այս ֆիլմերը ընտրվել են դժվարությամբ, քանի որ բոլորն էլ լավն էին: Շնորհակալ ենք, որ հնարավորություն եք ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու այս ֆիլմերի հետ»,- ասաց նա:
«Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի Լեհական կինոյի օր, որի շրջանակներում կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը:
Փառատոնին կհյուրընկալվի նաև անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:
Հայաստանում Ռուսաստանի և դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինի տեղեկացմամբ` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրեթե բոլոր մրցութային ծրագրերում ընդգրկված են ռուսական արտադրության ֆիլմեր` «Քիլինչ», «Անջատիչը», «Դարաշրջանի վերջը», «Բժիշկը»:
Մ. Կալինին հույս հայտնեց, որ ռուսական ֆիլմերը «Ոսկե ծիրանի» շրջանակներում կարժանանան մրցանակների: Նա նշեց, որ Ռուսաստանից կինոփառատոնին կմասնակցեն նաև լրագրողներ և կինոքննադատներ: 
«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը բացվելու է  «Պիոներ հերոսներ» ֆիլմով:
Լուասնկարներն այստեղ
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը` Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play