Մշակույթի նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները


Մշակույթի նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները

  • 16-07-2015 12:54:03   |   |  Մշակույթ
Պարզաբանում. Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ
 
ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Արդյունքում հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը /հարկ ենք համարում նշել, որ ճարտարապետ Մ. Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է Օձունի տաճարի ուսումնասիրման և չափագրման աշխատանքներով/, որոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել մասնագետների հավանությանը:
 
Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը:
 
Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային և գնահատող հանձնաժողովներ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման
 
աշխատանքներին վերաբերող գնային առաջարկները, և արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լևգուկ» ընկերությունը: 2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լևգուկ» ընկերության հետ, հաջորդիվ նաև՝ հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ: Այնուհետև, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, և սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝ 1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը տրամադրվել է 2 տարի ժամկետով:
 
Մշակույթի նախարարության օժանդակությամբ ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական և 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից:
 
Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանի վերականգնման ծրագիրը ֆինանսավորվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջոցով. գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից /այդ պահին Մովսես Ձավարյանն արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից/: Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ:
 
Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով՝ բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել և՛ հուշարձանի տարածքում, և՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների
 
պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել
 
խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում /մոտավորապես 1,5 տարի/:
 
Ի դեպ, համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի և բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, և առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:
 
Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով նախատեված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում և թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել և ամրակայվել են հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված և կազմաքանդված հատվածների քանդման և վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները և այլն: Այսպիսով, վերացվել են հուշարձանին վնաս պատճառող խնդիրները, մասնավորապես՝ մթնոլորտային ջրերի ներթափանցումը և պատի միջուկի խոնավացումը:
 
Կարևորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է, որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության և անհատների հոգածության առարկա: “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաև Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:
 
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները և փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը՝ կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է՝ ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաև իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ