«Դուրս մեր գրպանից»-ը ՃՈ-ից պահանջում է ճանապարհներից առհասարակ հեռացնել տեսանկարահանող սարքերը (տեսանյութ)


«Դուրս մեր գրպանից»-ը ՃՈ-ից պահանջում է ճանապարհներից առհասարակ հեռացնել տեսանկարահանող սարքերը (տեսանյութ)

  • 24-07-2015 16:54:15   | Հայաստան  |  Հասարակություն



«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները Ճանապարհային որստիկանությունից (ՃՈ) այսուհետ պահանջելու են ոչ թե նվազեցնել ճանապարհներին տեղադրված արագաչափերի և տեսախցիկների քանակը, այլ ընդհանրապես հեռացնել դրանք ճանապարհներից: Ինչպես հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը, նման պահանջ դնելու անհրաժեշտությունն առաջացել է ՃՈ ներկայացուցիչների հետ քննարկում-բանակցություններից հետո, որոնք այլևս անիմաստ են:
 
Ըստ Վ. Հակոբյանի` վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անվտանգ երթևեկության ապահովման նպատակով ճանապարհներին տեղադրված տեխնիկական սարքերը չեն ծառայում նպատակին, քանի որ ավտովթարների, դրանց հետևանքով մահացածների և վիրավորների, վրաերթերի թիվը չի նվազել: «Բոլոր այն պնդումները, թե տեխնիկական սարքերը Հայաստանում կապահովեն  անվտանգ երթևեկություն, ձախողված են. ավելին` դրանց առկայությունը ճանապարհներին վարորդներից հնարավորինս շատ գումար շորթելու նպատակ ունի»,- ասաց Վ. Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` իրենք բազմիցս առաջարկել են ՃՈ-ին տեխնիկական սարքերի փոխարեն ճանապարհներին տեղադրել թելադրող նշաներ, որոնք ավելի արդյունավետ են, սակայն ի պատասխան` ՃՈ-ն նշել է, որ բավարար գումարներ չկան նման նշաներով ճանապարհները հագեցնելու համար. «Այստեղից հարց է առաջանում, ուր են գնում այդ միլիոնավոր դրամների տուգանքները»,- հարցնում է Վ. Հակոբյանը: 
Նրա խոսքերով` ՃՈ-ի վերոնշյալ պատասխանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդներից գանձվող գումարները չեն ծառայում ճանապարհային երթևեկության բարելավմանը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մեկ այլ անդամ Արման Սուլեյմանյանի պնդմամբ` ոստիկանությունը տարիներ շարունակ վարորդական իրավունքներ է վաճառել անգրագետ և տգետ վարորդների, ովքեր այսօր դառնում են բազմաթիվ ավտոպատահարների և վրաերթերի պատճառ. «Ամեն տարի Հայաստանում վրաերթի պատճառով 300 երեխա է մահանում. սա արդյունք է այն բանի, որ ՃՈ-ը խնդիր է դրել տեխնիկական սարքերի միջոցով ոչ թե անվտանգ երթևեկություն ապահովել, այլ գերշահույթ ստանալ»:
Նրա պնդմամբ` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության նպատակն է արժևորել մարդկային կյանքը: Ա. Սուլեյմանյանի տեղեկացմամբ` իրենք ձևավորել են իրավաբանների խումբ, որն իրավական հարթությունում շարունակելու է պայքարել արագաչափերի, տեսախցիկների և ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող այլ նշաների դեմ:
Վերջինս հիշեցրեց, որ իրենք առաջարկում են ներդնել բալային համակարգ, որը թույլ կտա վարորդներին ոչ կոպիտ խախտումների դեպքում չտուգանվել ֆինանսապես: Ըստ Ա. Սուլեյմանյանի`հատկապես մեծահարուստների նկատմամբ, որոնց մեծ չափի գումարային տուգանքներով չես վախեցնի, պետք է կիրառվի վարչական տուգանքի տարբերակը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները նշեցին, որ պայքարը շարունակելու են ոչ միայն ակցիաներ անցկացնելով, այլև իրավական հարթությունում, քանի որ համակարգն անուղղելի է, իսկ մարդկային կյանքն անտեսված:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն