Այդ մոտեցումը Հայաստանի համար ավանդական է: Հայաստանի Սահմանադրության 2005 թվականի փոփոխության ժամանակ էլ ընդդիմությունը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը լուծում է վերարտադրության խնդիր: Պարզվեց, որ լուծվող խնդիրները եղել են այլ:
Բանն այն է, որ Սահմանադրությունն իշխող համակարգի վերարտադրության գործիք չէ: Այդ համակարգը արդեն 20 տարի վերարտադրվում է ի հեճուկս Սահմանադրության, խախտելով Սահմանադրությունը: Սահմանադրությունը Հայաստանի իշխող համակարգին պետք է իր գոյության կանոնակարգման համար: Հայաստանում Սահմանադրությունը չի գործում իշխանություն-քաղաքացի հարաբերության տիրույթում: Բայց իշխանություն-իշխանություն, այսինքն ներհամակարգային սուբյեկտների տիրույթում Սահմանադրությունը կարեւոր փաստաթուղթ է:
Սահմանադրությունը վերարտադրությունը չի ապահովում, ապահովում է կյանքը վերարտադրությունից հետո: Ըստ այդմ, համակարգը ժամանակ առ ժամանակ ունենում է Սահմանադրությունը նոր իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտություն: 2005 թվականին Սահմանադրությունը հնարավորինս մոտեցվեց կոալիցիոն մեթոդաբանությանը, որոշակիորեն ավելացվեցին խորհրդարանի եւ կառավարության լիազորությունները:
Ներկայում համակարգը նոր մարտահրավերների առաջ է: Աշխարհքաղաքական դիմակայությունը, ռեսուրսային ճգնաժամը հանգեցրել են իշխող համակարգի ներսում նոր ռիսկերի, հետեւաբար նաեւ շահերի բախման: Մեկ անձի ձեռքում կենտրոնացած իշխանությունը դառնում է անվստահելի: Մեկ անձի համար էլ բավական բարդ է դառնում համադրել եւ հավասարակշռել ներիշխանական թեւերի իրարից ավելի ու ավելի տարբերվող եւ իրար հակադրվող շահերը:
Այդ պայմաններում իշխող համակարգը կանգնում է պերմանենտ ներքին հեղաշրջումների ռիսկի առաջ, երբ անընդհատ կառաջանա «մեկ մարդուն» փոխելու խնդիր: Դա կբերի համակարգային ընդհանուր անկայունության: Նոր Սահմանադրությունը փաստացի ներհամակարգային համաձայնության Սահմանադրություն է, երբ կձեւավորվի իշխանության կրող մի քանի կենտրոն, ներհամակարգային հակասությունները կհավասարակշռվեն Սահմանադրությամբ, եւ որոշակիորեն միմյանց զիջելով լիազորություններ, իշխող համակարգի տարբեր թեւերը ձեռք կբերեն ավելի բարձր անվտանգություն՝ նվազեցնելով ռիսկերը:
Սերժ Սարգսյանը փաստացի առաջարկում է այդ ճանապարհը, ակնկալելով դրանով լուծել նաեւ համակարգում անձնական ազդեցության խնդիրը:
Սերժ Սարգսյանի նախագահության գրեթե ամբողջ ընթացքը ուղեկցվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ ներհամակարգային լուռ համեմատության պայմաններում: Քրեա-օլիգարխիան կողմնորոշվում էր, թե ու՞մ նախագահության պայմաններում է ավելի հանգիստ, միաժամանակ ու՞մ նախագահության պայմաններում է ներհամակարգային «արդարությունն ու ժողովրդավարությունն» ավելի բարձր:
Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը փորձում է հանդես գալ որպես իշխանության առավելագույնս արդար բաժանող, դրա դիմաց ակնկալելով ստանալ «դատավորի» կարգավիճակ՝ ՀՀԿ նախագահի պաշտոնում:
Ի՞նչ կստացվի, եթե տեղի չունենա Սահմանադրության փոփոխություն: Կարճաժամկետ առումով՝ ոչինչ, քանի որ Հայաստանում իշխող համակարգն արդեն մի քանի տարի է անցել է գործունեության այն ռեժիմին, որը փորձ է արվում ամրագրել Սահմանադրության փոփոխության նախագծում: Այդ իմաստով մեխանիզմը փաստացի արդեն իսկ առկա է, գործում է եւ վերջին մի քանի տարիների ներքին գործընթացը դրա վկայությունն է: Պարզապես առկա մեխանիզմը չունի սահմանադրական ամրագրում, որը համակարգի համար ունենալու է կադաստրի վկայականի նշանակություն: Դա հղի է երկարաժամկետ հեռանկարի խնդիրներով: