Ռուս-թուրքական խաղի վերջը.Մեկնաբան


Ռուս-թուրքական խաղի վերջը.Մեկնաբան

  • 24-07-2015 17:11:35   | Հայաստան  |  Վերլուծություն
 
«Նյու յորք Թայմսը» տեղեկություն է հրապարակել, որ Թուրքիան համաձայնել է իր Ինջիրլիքի ավիաբազան տրամադրել ԱՄՆ օդուժին, որն այդ ավիաբազայից օդային հարձակում կիրականացնի Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման սիրիական դիրքերի վրա: Թերթն այդ տեղեկությունը հրապարակել է, հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմին:

 

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որում առանցքային էր այն, որ ԱՄՆ հաստատել է Թուրքիայի անվտանգության ապահովման իր հանձնառությունը: Իսկ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայում ահաբեկչական ակտն էր իրականացրել Իսլամական պետություն խմբավորումը, մահապարտի միջոցով պայթյուն իրականացնելով թուրք-սիրական սահմանի մոտ գտնվող Սուրուչ քաղաքում եւ խլելով մի քանի տասնյակ մարդու կյանք:

 

Ըստ երեւույթին ԱՄՆ-ն խորհրդարանի ընտրությունից հետո բավական բարդ վիճակում հայտնված եւ փաստացի իշխանությունից զրկված Էրդողանին հասկացրել է, որ անվտանգ լինելու համար Թուրքիան պետք է վերադառնա եվրատլանտյան քաղաքականության ուղեծիր: Նյու Յորք Թայմսի տեղեկությունը վկայում է, որ Թուրքիան վերադառնում է, կամ սկսել է վերադարձը:

 

Օբամայի հետ հեռախոսազրույցի տեղեկությանը հաջորդեց տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան օդային հարված է հասցրել ԻԼԻՊ դիրքերին: Դա փաստորեն Թուրքիայի առաջին հարվածն է Իսլամական պետություն խմբավորմանը: Մինչ այդ, Թուրքիան հրաժարվել էր մասնակցել այդ խմբավորման դեմ միջազգային կոալիցիային: Ավելին, թուրք-սիրական սահմանը հանդիսանում էր ահաբեկչական խմբավորման մատակարարման ուղիներից մեկը: Թուրքիան գրեթե բացահայտորեն էր աջակցում ԻԼԻՊ-ին, առնվազն Սիրիայի իշխանության դեմ գործողություններում:

 

Ներկայում պատկերը կարծեք թե փոխվում է, եւ տարածաշրջանային գերտերության հավակնությամբ հանդես եկած Թուրքիան ստիպված է վերադառնալ եվրատլանտյան շարք:

 

Հետաքրքիր է, թե արդյոք այդ վերադարձը փաստացի կնշանակի նաեւ գործողություն Ռուսաստանի դեմ: Եթե Թուրքիան միանում է ԻԼԻՊ դեմ պայքարին, կարո՞ղ է արդյոք հաջորդ քայլով միանալ Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությանը, որին մասնակցելուց եւս հրաժարվել էր: Ինչպե՞ս կազդի Անկարայի եվրատլանտյան վերադարձը ռուս-թուրքական հարաբերության վրա:

 

Այստեղ իհարկե պետք չէ ինքնաբերաբար պատկերացնել, որ Թուրքիան կվերածվի ՌԴ դեմ դիմակայության գծի: Հավանաբար իրադարձությունները հեռու են այդօրինակ ուղղագիծ զարգացումից եւ խնդիրներից: Մեծ հաշվով, ՌԴ մեկուսացման քաղաքականությունը եվրատլանտյան բեվեռը բարեհաջող առաջ է մղում նաեւ առանց Թուրքիայի:

 

Ներկայում երեւի թե կարեւորը դիտվում է այն, որ Անկարան պարզապես չխանգարի տարածաշրջանային գործընթացներին, որոնց առանցքը դառնում է Իրանի հետ հարաբերությունը: Միաժամանակ, Թուրքիային սանձելը կլուծի ոչ միայն Անկարային ապակառուցողական քայլերից հետ պահելու հարց, այլ գուցե Իրանի մոտ կցրի «անմրցակցության» պատրանքը, որպեսզի Թեհրանը չհամարի, թե Արեւմուտքը կորցրել է Թուրքիան, եւ Իրանը մնում է գործընկեոջ անփոխարինելի հավակնորդ: Արեւմուտքը ցույց է տալիս, որ շատ ջանք չի պահանջվի Թուրքիան «հարազատ» ուղեծիր վերադարձնելու համար:

 

Ընդհանուր առմամբ, այդ զարգացումը դրական է Հայաստանի համար: Ընսհանրապես, Հայաստանի համար դրական շատ զարգացումներ են առկա տարածաշրջանում, սկսած Արեւմուտք-Իրան կարգավորման գործընթացից, մինչեւ Թուրքիայի վերադարձ եվրատլանտյան ուղեծիր, որը զգալիորեն կարող է կոտրել ռուս-թուրքական խաղը:

 

Բայց, չլինելով որեւէ խաղի սուբյեկտ եւ սուբյեկտությունը հանձնած լինելով Ռուսաստանին, Հայաստանը փաստացի ինքզինքը զրկել է որեւէ դրական միտումից արդյունք քաղելու հնարավորությունից, որեւէ դրական զարգացման ներգրավվելու եւ այդպիսով անվտանգության ու տնտեսական զարգացման նոր հեռանկարներ նախանշելու հնարավորությունից:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն