12-ամյա պարտադիր կրթական համակարգը կխոչընդոտի ավագ դպրոցների աշխատանքին. դպրոցի տնօրեն
24-07-2015 23:30:46 | Հայաստան | Հարցազրույցներ
«ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2017 թվականից 12-ամյա պարտադիր կրթական համակարգին անցումը չի նպաստի ավագ դպրոցներում աշակերտների գիտելիքների որակական բարձրացմանը, այլև խոչընդոտելու է դրանց աշխատանքին»,- «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանը:
Ըստ նրա` ավագ դպրոցների խնդիրն է օգնել երեխաներին առանց լրացուցիչ պարապմունքների և ֆինանսական ծախսերի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչդեռ պարտադիր 12-ամյա կրթության դեպքում ավագ դպրոցում սովորող, բայց հետագայում բարձրագույն կրթություն ստանալ չցանկացողները պարզապես խանգարելու են ԲՈՒՀ ընդունվել պատրաստվող աշակերտներին:
Ա. Հարությունյանի կարծիքով` ավագ դպրոցների նկատմամբ չկա ծնողների կողմից վստահություն, քանի որ ավելացել են այն ԲՈՒՀ-երի թվերը, որոնք բացել են սեփական ավագ դպրոցները և իրենց մոտ ընդունվել ցանկացող աշակերտներին գայթակղում են` հայտարարելով, թե իրենց շրջանավարտներն առանց միասնական քննություններ հանձնելու կարող են միանգամից ընդունվել տվյալ ԲՈՒՀ. «Նրանք բանավոր գեղեցիկ հայտարարություններ են անում, ծնողներն ու աշակերտները հավատում են, սակայն դպրոցն ավարտելուց հետո բոլորի նման հանձնում են քննություններ»,- ասաց Ա. Հարությունյանը և ավելացրեց, որ չընդունվելու դեպքում շրջանավարտները սկսում են գումարով պարապել նույն ԲՈՒՀ-ի ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների մոտ:
Դպրոցի տնօրենի պնդմամբ` վերոնշյալ հանգամանքը նպաստել է, որպեսզի ավագ դպրոցներում տարեցտարի նվազի աշակերտների թիվը, ինչն էլ հանգեցրել է ուսուցիչների թվի կրճատման: Ա. Հարությունյանի փոխանցմամբ` չնայած ԲՈՒՀ-երին կից ստեղծված ավագ դպրոցների կողմից արվող «գայթակղիչ» առաջարկների, այնուամենայնիվ շատ են այն դեպքերը, երբ այդ ավագ դպրոցների աշակերտներն ուսմնական տարվա ընթացքում տեղափոխվում են իրենց ավագ դպրոց զրոյական գիտելիքներով:
Անդրադառնալով Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի խնդիներին` նույն դպրոցի տնօրենը նկատեց, որ ժամանակին ավագ դպրոցների ծրագրի ներդրումից առաջ հաշվի չի առնվել դրանց շենքային պայմանները: «Քաղաքապետարանն ինչքան ոչ պիտանի կառույցներ կար դարձրեց ավագ դպրոց. ՀՀ ԿԳ նախարարությանը բաժին ընկան այդ վատ պայմաններով դպրոցները, որոնք դեռ չի հասցրել ամբողջությամբ վերանորոգել»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` իրենց բաժին ընկած շենքը նախկինում ծառայել է որպես մանկապարտեզ և ներկայումս այն շատ փոքր է ավագ դպրոց լինելու համար. «Ունենք դասարանների պակաս, ուստի մեր աշակերտները գործնական աշխատանքներ իրականացնում են Երևանի մի շարք առաջատար ԲՈՒՀ-երի լաբորատորիաներում և տեխնիկական լսարաններում»:
Բացի վերոնշյալ խնդիրներց` Ա. Հարությունյանն առանձնացրեց հատկապես դպրոցի պատուհաների անմխիթար վիճակը և ֆիզկուլտուրա առարկայի համար պահանջվող դահլիճի բացակայությունը: Նրա պնդմամբ` ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերն անցկացվում են հիմնականում բացօթյա հրապարակում, իսկ ձմեռը` դպրոցի համեմատաբար ամենամեծ դասասենյակում:
Չնայած թվարկված բազմաթիվ խնդիրների` Ա. Հարությունյանը նշեց, որ ավագ դպրոցը նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ: