Մայրաքաղաքում կարգելվի հրավառությունը հրդեհավտանգ տարածքներում


Մայրաքաղաքում կարգելվի հրավառությունը հրդեհավտանգ տարածքներում

  • 27-07-2015 16:10:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքային երկհերթ ժամանակացույցով շարունակվում են ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները:
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների, առևտրի, բնապահպանության վարչությունների և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատնվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ:
 
«Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների և ռեստորանային համալիրների աշխատանքը և արգելեք հրավառությունները: Ու, հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառությունն է եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին` առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Ապօրինի շինարարությունը և հողազավթումը կանխարգելելու ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, մեկ հասցեում իրականացվել է ապօրինի շինության քանդման աշխատանք: 
 
Նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 27 արձանագրություն: Խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը: Ներկայում միակողմանի երթևեկ է իրականացվում Կողբացի և Տերյան փողոցներում: 
 
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելու նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 7 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ ակտիվորեն համագործակցելով ոստիկանության հետ:
 
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետևողական:
«Ինչպես բազմիցս եմ ասել, սա մեզ համար ինքնանպատակ չէ: Ի վերջո, Երևանում պե՛տք է ձևավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում նախ աղբ չթափեն, նաև գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվում են: Ու սա վերաբերում է ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ վնասված լամպերը պարբերաբար փոխարինվում են նորերով: Զեկուցվել է նաև, որ մինչև տարեվերջ կավարտվեն Խարբերդ թաղամասի բոլոր փողոցների և բակային տարածքների արտաքին լուսավորության ապահովման աշխատանքները:
 
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրով շարունակվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հանգստի կազմակերպումը մարզաառողջարանային ճամբարներում: Զեկուցվել է, որ երրորդ հերթափոխով ճամբարներ է մեկնել 428 երեխա: 
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ՀՀ լեզվի պետական տեսչության հետ՝ գույքագրել օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակներն ու պաստառները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play