«Փրկենք Թեղուտ»-ի անդամները պնդում են՝ Թեղուտի հանքավայրում տեսչական ստուգումներին իրենց մասնակցությունը պարտադիր է


«Փրկենք Թեղուտ»-ի անդամները պնդում են՝ Թեղուտի հանքավայրում տեսչական ստուգումներին իրենց մասնակցությունը պարտադիր է

  • 28-07-2015 13:02:05   | Հայաստան  |  Հասարակություն

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ բնապահպանության նախարար
Արամայիս Գրիգորյանին
Թեղուտի հանքավայրում տեսչական ստուգումների կապակցությամբ
 
Հուլիսի 23, 2015 թ.
 
 
 
Հարգելի պարոն Գրիգորյան,
 
2012 թվականից ի վեր «Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը և Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս դիմել են տարբեր ժամանակներում պաշտոնավարող բնապահպանության նախարարներին՝ այդ թվում Ձեզ՝ ներկայացնելով հիմքեր Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ և պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ՝ խախտումները վեր հանելու և համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:
 
Ի վերջո, բնապահպանական հասարակական կազմակերպություններն ու ազդակիր համայնքի բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել կատարելու ստուգումներ: Սույն թվականի հունիսի 12-ին կայացած դատական նիստից հետո նախարարությունից ստացել ենք գրություն առ այն, որ հունիսի 14-ից օգոստոսի 04-ն ընկած ժամանակահատվածում Թեղուտի հանքավայրում իրականացվելու են տեսչական ստուգումներ:
 
Սույն բաց նամակով, Ձեզ առաջարկում ենք «Փրկենք Թեղուտ»-ի  մասնակցությունը տեսչական ստուգումներին՝ հաշվի առնելով այն, որ թեղուտի պաշտպանության նախաձեռնության տարիներ տևած անդադար աշխատանքի արդյունքում իրավական հարթության վրա ձեռք են բերվել առարկայական ապացույցներ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումնեով (իրավական տեղեկանքը՝ http://teghut.am/legal-processes-teghut/)։
 
Մասնավորապես, մատնանշված խախտումները ներկայացված են Environmental Resources Management ընկերության կազմած՝ ՇՄԱԳ հաշվետվության վերագնահատման փաստաթղթում, ինչպես նաև արբանյակից կատարված լուսանկարների վերծանումից ստացված տվյալներում, որոնք ապացուցում են, որ հանքավայրի շահագործումն իրականացվում է ամբողջությամբ այլ նախագծի հիման վրա: Նոր նախագիծն օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության և չի դրվել հանրային քննարկումների, ինչն օրենսդրության կոպիտ խախտում է, և բացի հանքավայրի շահագործման դադարեցումից՝ կարող է հանգեցնել նաև պատասխանատուների նկատմամբ քրեական հետապնդման։
 
Նշված հետևության ապացվում է 2008թ. և 2013 թ. նկարահանված արբանյակային պատկերների և Թեղուտ ՓԲԸ կայքում տեղադրված ու կառավարության կողմից հաստատված աշխատանքային նախագծի տոպոգրաֆիական քարտեզի համեմատական վերլուծության արդյունքում, որին կարող եք ծանոթանալ «Փրկենք Թեղուտը»  կայք էջում (http://teghut.am/2015/07/satellite-image-illegal-mining/): Արբանյակային պատկերներում արտացոլված խախտումները հաստատվում են նաև ERM ընկերության հաշվետվության մեջ ներկայացված փաստերով, որտեղ հանգամանալից կերպով ներկայացված են 2010թ. կազմված նոր նախագծի մանրամասները, ինչպես նաև ուղղակիորեն մատնանշված է առանց օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու և նոր նախագծով աշխատելու անօրինականությունը։ ERM ընկերության հաշվետվությանը ևս կարող եք ծանոթանալ մեր կայքում (www.teghut.am):
 
Նշված փաստաթղթերն ու դրանց իսկությունը հիմնավորող արբանյակային նկարներն անհերքելիորեն ապացուցում են Թեղուտի շահագործման անօրինականությունը։ Այս ամենն ամփոփվել է «Թեղուտ՝ օրենքից դուրս» հետաքննական ֆիլմում, որը ներկայացվեց սույն թվականի հուլիսի 15-ին Ականաթ ակումբում (Կողբացի 28): Այժմ ֆիլմը հասանելի է նաև նախաձեռնության յութուբյան ալիքում (http://teghut.am/2015/07/teghut-beyond-the-law-part-1-arm/)։
 
Տեսչական ստուգումները լիարժեք իրականացնելու և խախտումներն արձանագրելու համար  «Փրկենք Թեղուտը» ձեզ առաջարկում  է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի հիման վրա նախաձեռնության անդամներին ևս ներգրավել տեսչական ստուգումների աշխատանքներին:
 
* Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, գործելով ինքնուրույն և կամավոր սկզբունքներով, ստեղծվել է 2007թ.-ին՝ համախմբելով ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի: Նախաձեռնության առաջնային նպատակն է հասնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործման դադարեցմանը: Նախաձեռնությունը մտահոգված է ՀՀ-ում հանքարդյունաբերության իրավիճակով և իր առջև դրել է ռազմավարական նպատակ` ազդելու և փոփոխելու Հայաստանի ընդերքի անխնա շահագործման քաղաքականությունը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն