Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 100 մլն ԱՄՆ դոլարի 2020թ. մարման ժամկետով առաջին եվրոպարտատոմսերի թողարկումը


Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 100 մլն ԱՄՆ դոլարի 2020թ. մարման ժամկետով առաջին եվրոպարտատոմսերի թողարկումը

  • 30-07-2015 16:07:52   | Հայաստան  |  Տնտեսություն

2015 թվականի հուլիսի 22-ին «Արդշինբանկ» ՓԲԸ առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) եւ B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 100 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը 2020 թվականին: Եվրոպարտատոմսերը ցուցակված են Իռլանդիայի ֆոնդային բորսայում (Irish Stock Exchange), իսկ քլիրինգն իրականացվում է Euroclear եւ Clearstream-ի համակարգերում:
 
Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ ու օգտվել աճի հնարավորություններից՝ ամրապնդելով բանկի մրցակցային առավելությունները Հայաստանի բանկային շուկայում:
 
Թողարկմանը զուգահեռ իրականացվել է «թույլտվության ստացման» (consent solicitation) գործողությունը, որով բանկի կողմից 2014 թվականի դեկտեմբերին թողարկած 75 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի պայմանները համապատասխանեցվել են նոր եվրոպարտատոմսերի թողարկման պայմաններին: Թույլտվության ստացման բանկի առաջարկությանը կողմ են քվեարկել ներդրողների ձայների 100%: Ի լրումն, Արդշինբանկն առաջարկել է նախկինում թողարկված 75 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի ներդրողներին վաղաժամկետ մարել դրանք եւ/կամ ձեռք բերել (տեղափոխվել) իր նոր թողարկված եվրոպարտատոմսերը: Բարձր՝ 80% տեղափոխման գործակիցը մեկ անգամ եւս փաստեց ներդրողների բարձր վստահությունը Արդշինբանկի ֆինանսական կայունությանը:
 
Բանկն իրականացրել է մանրամասն մշակված մարքեթինգային արշավ Լոնդոնում, Ցյուրիխում, Նյու Յորքում ու Բոսթոնում՝ հնգօրյա ներկայացումներին գրավելով ավելի քան 35 ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը: Եվրոպարտատոմսերի թողարկումն իրականացվել է J.P.Morgan Securities plc. ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման միակ կառավարիչը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play