Երեւանում տրվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկը<br />


Երեւանում տրվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկը

  • 08-12-2010 21:52:09   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբերի 8-ին Երեւանում հայտարարվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի մասին: Ծրագրի իրականացման համար 3 մլն դոլար հատկացրել է Համաշխարհային բանկը, առնվազն 3 մլն. դոլարով այն պետք է համաֆինանսավորվի Հայաստանի բանկերի կողմից, կլինի նաեւ լրացուցիչ ֆինանսավորում ստանա մասնավոր կազմակերպությունների եւ կառավարության կողմից։ Ինչպես այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ծրագիրը հնարավորություն է տալու, որպեսզի համակարգիչը հասանելի լինի Հայաստանի քաղաքացիներին։ Նրա համոզմամբ, համակարգիչները որակապես փոխելու են դպրոցներում դասավանդման մեթոդաբանությունը եւ բարձրացնելու՝ կրթական համակարգի արդյունավետությունը։ «Մենք ուրախ ենք, որ նաեւ բանկերը արձագանքել են այս ծրագրին եւ արդեն իսկ այս տարվա ընթացքում 1000-ավոր քաղաքացիներ կարողացել են վարկերի միջոցով ձեռք բերել համակարգիչներ»,- նշեց կառավարության ղեկավարը։ \Ն.Տ.. Հայաստանում անցյալ տարվա ընթացքում «Համակարգիչ բոլորի համար» փորձնական ծրագրի շրջանակներում վաճառվել է շուրջ 17 հազար համակարգիչ\: Վարչապետը նշեց նաեւ, որ 2010թ. Կրթության եւ գիտության նախարարությանը լրացուցիչ 700 մլն դրամ գումար է հատկացվել դպրոցների համար համակարգիչներ ձեռք բերելու համար, նպատակ կա էապես բարելավելու մեկ աշակերտին ընկնող համակարգիչների քանակը դպրոցներում։ Կառավարությունը հավաստիացնում է, նշեց վարչապետը, որ անելու է ամեն ինչ, որպեսզի մոտակա երեք տարիների ընթացքում ծրագիրը շոշափելի արդյունքներ տա։ Հայաստանի Կրթության եւ գիտության, Էկոնոմիկայի նախարարությունները մի կողմից եւ ամերիկյան «Ինտել» եւ «Հյուլեթ-Պակարդ», ինչպես նաեւ հայաստանյան «Յունիկոմպ» եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը մյուս կողմից ստորագրեցին «Դպրոցական համակարգիչ» եւ «Համակարգիչ ուսուցիչների համար» փորձնական ծրագրերի մեկնարկի հուշագրեր։ Ծրագրերը հնարավորություն կտան մոտակա մեկ տարվա ընթացքում փորձարկել եւ մշակել դպրոցականների ու ուսուցիչների համար համակարգիչները հասանելի դարձնելու մոդել։ Ստորագրվեց հուշագիր Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին, որով նախատեսվում է ինտերնետային կապ ապահովել նախագծի շահառուների համար։ Հուշագիր ստորագրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլի իրականացման մասին։
Նոյյան տապան  -   Հասարակություն