Իրենց ինքնությանը վերադառնալ ցանկացող հայերին Հայաստանում հրաժարվել են մկրտել (տեսանյութ)
11-08-2015 14:09:55 | Հայաստան | Հասարակություն
Արևմտյան Հայաստանի Դերսիմ և Տիգրանակերտ գավառից Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու համար Երևան եկած ծպտյալ երեք հայերին հայ առաքելական եկեղեցում հրաժարվել են կնքել: Ինչպես օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, 1915 թվականին բռնի կերպով իսլամացած երկու հայուհիներ Դերսիմից և մեկ հայորդի Տիգրանակերտից ցանկություն են հայտնել Հայաստանում մկրտվելու, իսկ այդ խնդրանքով դիմել են ՀՀ Սփյուռքի նախարարին, ով նշել է, թե որևէ խնդիր չի տեսնում և նրանք անպայման կկնքվեն:
Ըստ Ս. Հացպանյանի` օգոստոսի 7-ին նախատեսված է եղել իրականացնել վերոնշյալ հայերի մկրտությունը, սակայն նույն օրը ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացրել են, որ որոշ խնդիրներ են առաջացել և հնարավոր չէ կնքել այդ հայերին:
Նրա փոխանցմամբ` ծպտյալ հայերին չմկրտելու պատասխանը պատճառաբանվել է, թե խնդիրը ոչ թե հայերի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեջ է, ով չի ընդառաջել երիտասարդների մկրտության հարցում, այլ` Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացրել են, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շրջաբերական է ուղարկել և նշել, որ հայաստանյան եկեղեցին չի կարող կնքել Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն, ով դավանում է իսլամ:
Ս. Հացպանյանի պնդմամբ` Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կատարում է թուրքական իշխանությունների պատվերը և ամեն կերպ խոչընդոտում է ծպտյալ հայերի կողմից հայկական արմատներին վերադառնալու ցանկացած գործընթացին: Միաժամանակ նա անտրամաբանական է համարում Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահի ազդեցությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարծիքի կամ կամքի վրա:
Բանախոսի խոսքերով` Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառի երկու հայուհիներն արցունքներն աչքերին ու չհասկանալով, թե ինչու չպետք է կնքվեն իրենց պապերի և տատերի եկեղեցում, վերադարձան պատմական հայրենիք:
Կ.Պոլսից մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված Իսահակ Փալյանը նշեց, որ ինքը պատմական հայրենիքից հենց Արամ Աթեշյանի պատճառով է հեռացել: «Արամ Աթեշյանն ուզում է ամբողջ եկեղեցին իր բռում հավաքի: Ինքը կնքում են ծագումով թուրքերին և ժողովրդից թաքցնում, որ այդ մարդիկ թուրքեր են»,- ասաց Ի. Փալյանը:
Տիգրանակերտցի Էրդալ Մերջանը նշեց, որ Հայաստանում մկրտվելն իր համար շատ կարևոր է, քանի որ այդ մկրտության վկայականով նա կարող է դիմել թուրքական դատարան և վերականգնել իր հայ լինելը: Նրա խոսքերով` ինքը դեռ փոքր տարիքից իմացել է, որ հայ է, սակայն չի իմացել, որ հայը դա մի ամբողջ ազգ է, այլ ոչ թե կրոն. « Այստեղ՝ Հայաստանում, որ տեսնում եմ ժպտացող հայերի, ուրախանում եմ, որ այն ամենից հետո, ինչ մեզ հետ կատարվել է, մարդիկ կարողացել են ոտքի կանգնել և անգամ ժպտալ»,- նշեց Է. Մերջանը:
Նա, բացի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի լինելուց, կրում է նաև Արևմտյան Հայաստանի անձնագիր, որտեղ անունը գրված է Մատթեոս:
Ս. Հացպանյանը հորդորեց հայաստանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչներին հետևողական լինել և վերջապես պարզել, թե ինչու նշված հայերը չկարողացան կնքվել հայ առաքելական եկեղեցում, քանի որ վերոնշյալ պատճառաբանությունը հիմնավորված չէ: