Հովհաննես Չեքիջյանը պարգեւատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով<br />


Հովհաննես Չեքիջյանը պարգեւատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

  • 06-12-2010 20:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարարին կից ատյանի դեկտեմբերի 6-ի նիստի սկզբում նախարար Հրանուշ Հակոբյանը «Ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետության, հայ երգարվեստի եւ երաժշտության մեջ նշանակալի ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ մաեստրոյի 80-ամյակի կապակցությամբ» ատյանի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին պարգեւատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Այնուհետեւ «Նորավանք» ԳԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը ներկայացրեց 2010թ.-ին նախարարության պատվերով հիմնադրամի կողմից հրատարակված գրքերը: ՀՀ սփյուռքի նախարարությունն ամեն տարի Սփյուռքի թեմաներով գիտական պատվերներ է տալիս Հայաստանի գիտական-վերլուծական հաստատություններին: Այդ պատվերների շրջանակներում 2010թ.-ին հիմնադրամի մասնագետների կողմից տպագրվել են «Հայ համայնքն ԱՄՆ-ում», «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրներն Հարավային Ռուսաստանում» եւ «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները եւ տեղեկատվական ռեսուրսները» հետազոտությունները: Նախարարը կարեւորեց ԵՊՀ-ի Սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին: Այնուհետեւ նկարչուհի Արեւիկ Պետրոսյանը ներկայացրեց «Նշխարք Հայաստանից» պայմանական խորագրով ծրագրի նախագիծը, որի իրականացմամբ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ինքը ցանկանում է բարձրաձայնել Հայրենիքի շուրջ համայն հայության միասնականության եւ համախմբման գաղափարը` հանուն Հայոց մեծ ու լուսավոր ապագայի: Հատուկ այս ակցիայի համար ծրագրի հեղինակը նախատեսում է ստեղծել 12 մեծածավալ հեղինակային աշխատանք աստվածաշնչյան թեմաներով. յուրաքանչյուր ստեղծագործություն իր պատկերի ու գաղափարի մեջ կրելու է Տերունական աղոթքի մի մասնիկ: Այս ստեղծագործությունների հավաքածուն իր ամբողջական գաղափարով կներկայացվի սկզբում Երեւանում, այնուհետեւ կբաժանվի Սփյուռքի 11 համայնքներին` որպես ընծա: Ատյանի անդամները հավանություն տվեցին ծրագրի նախագծին: Օրակարգի հաջորդ հարցը ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության 2010թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր, որը ներկայացրեց վարչության պետ Ա.Արշակյանը: Նա մասնավորապես անդրադարձավ նախարարության կազմակերպած համահայկական համաժողովներին եւ ծրագրերին վարչության մասնակցությանը, ներկայացրեց ամփոփ տեղեկանք ԱՊՀ հայ համայնքների վերաբերյալ: Հ.Հակոբյանը նշեց, որ ԱՊՀ հայ համայնքներում ամենամեծ մարտահրավերը լեզվի կորուստն է, որին դիմակայելու ուղղությամբ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում: Մասնավորապես, 2010թ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի հայերի միության օժանդակությամբ ԱՊՀ տարածքում 20-ից ավելի հայկական մեկօրյա դպրոց է բացվել: Այնուհետեւ նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանը ներկայացրեց 2011թ.-ին Անիի 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախնական ծրագիրը: ՀՀ Սփյուռքի նախարարության 2011թ.-ի «Մեր մեծերը» ծրագրի վերաբերյալ զեկուցեց նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանը: Նախարարության կողմից 2010թ. հռչակվել էր «Մայրենի լեզվի տարի»: Իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն