Հայկական Հարցի կարգավորման իրավական-քաղաքական հիմքերը


Հայկական Հարցի կարգավորման իրավական-քաղաքական հիմքերը

  • 27-08-2015 04:44:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Հայկական Հարցի սկզբնավորումից՝ 1878-ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակավին չի հանգել, սակայն նույն այդ գործընթացի արդյունքում ձեւավորվել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ hայ-թուրքական հարաբերությունների խաղաղ, քաղաքակիրթ, արդյունավետ եւ վերջնական կարգավորման իրավական-քաղաքական պատկառելի փաթեթ: 
 
Նշենք դրանք. 
 
-1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված էր: «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ, եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: 
Բարեփոխումների ընթացքը վերահսկելու էր Ռուսաստանը: 
 
-1878 թ. հուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրեսի (հունիսի 13 - հուլիսի 13) 61-րդ հոդվածով՝ «Բարձր դուռը, հանձն էր առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր էր պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»: 
61-րդ հոդվածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի հակադարձումն էր, բովանդակությամբ ամբողջովին շրջված տարբերակը, որով ժամանակի բրիտանական քաղաքական վերնախավը, լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ, Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»: 
 
-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարությանը ներկայացրին «Մայիսյան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսվում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում՝ Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակա էին նաեւ Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերը, օրինակ՝ Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի: 
 
-Ռուսաստանի կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի Մայիսյան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր՝ եվրոպացի, որը նշանակվում էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Պետությունների հանձնարարությամբ Ընդհանուր տեսուչներ նշանակվեցին Վեստենենկը (Հոլանդիա) եւ Հոֆը (Նորվեգիա): 
 
-1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարության վերաբերյալ համաձայնություն կայացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պողոս Նուբար Փաշայի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արեւելյան բաժնի պետ Ֆրանսուա ժորժ Փիկոդի միջեւ: 
 
-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի փաստաթղթում նշված է. 
16-րդ հոդված. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը... Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:
24-րդ հոդված. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»: 
 
-1918 թ. հունվարի 13–ին Պետրոգրադում հրապարակվեց Թուրքահայաստանի մասին դեկրետը, որտեղ «Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը. Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրավված Թուրքահայաստանի հայերի իրավունքը` ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը»: 
Հետագայում այս դրույթը զետեղվեց 1936 թ. ԽՍՀՄ Սահմանադրության մեջ որպես 6-րդ հոդված: 
 
-1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ: 
Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստան պետության անկախությունը: 
 
-1919 թ. Կոստանդնուպոլսի ռազմական ատյանում տեղի ունեցավ Օսմանյան Թուրքիայի իշխող վերնախավի՝ երիտթուրք պարագլուխների, դատավարությունը հետեւյալ մեղադրանքներով. 
ա) Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու, 
բ) Օսմանյան կայսրության հայազգի հպատակների համապարփակ կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու եւ իրականացնելու համար: 
Երիտթուրք պարագլուխներից շատերին դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց: 
 
-1920 թ. օգոստոսի 4-ին հայտարարվեց Հայկական Կիլիկիայի անկախության հռչակման մասին: 
 
-1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստան պետությանը: 
 
-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»: 
 
Բերված օրինակները բավարար են եւ դրանցից արդեն իսկ պարզ է հայության եւ Հայաստանի բնական իրավունքների նույնիսկ այս նվազագույն փաթեթի իրական ծանրակշռությունը: 
 
Ըստ էության կարելի է ընդգծել, որ Հայկական Հարցի լուծման նպատակով հիմնական որոշումները կայացվել են, սակայն առ այսօր չեն իրականացվել: Կարելի է ընդգծել, որ դրանց իրականացման ժամանակը հասունացել է: Եվ ներկայի համառ իրականությունն այն է, որ Մերձավոր Արեւելքում եւ ոչ մի պետություն եւ ժողովուրդ անմասն չի մնալու ներկայի ու ապագայի սպառնալիքներից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական-քաղաքական ճանապարհը: 
 
Բոլոր ոչ իրավական, այսինքն՝ կամային քաղաքական որոշումները պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին, նրանց երկրներն ու սերունդները եւ հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Միջին Արեւելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն տարածքում, որտեղ թուրքական քաղաքական վերնախավին հրավիրում են պատասխանատու դերակատարություն ստանձնել: Վտանգավոր հանձնարարական, ինչը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար, ներառյալ՝ Թուրքիայի Հանրապետության եւ թուրքերի: 
 
Տիգրան Փաշաբեզյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
 
20.08.2015 թ. 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական