Սահմանամերձ գյուղերում աշակերտների թվաքանակը նվազել է


Սահմանամերձ գյուղերում աշակերտների թվաքանակը նվազել է

  • 27-08-2015 16:32:28   | Տավուշի մարզ  |  Վերլուծություն
 
Նոր ուսումնական տարում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներ քիչ թվով առաջին դասարանցիներ կհաճախեն: Թշնամու կրակահերթի տակ գտնվող գյուղերից վերջին տարիներին ավելացել է արտագաղթը, ինչն էլ հանգեցրել է աշակերտների թվաքանակի նվազմանը:

 

Սահմանամերձ Բարեկամավան գյուղի դպրոցն այս տարի ընդամենը երկու առաջին դասարանցի կունենա: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու աշակերտի համար առանձին առաջին դասարան չի գործելու:

 

«Տասներկու դասարանը ձևավորվում ու դառնում է 5 դասարան: Առաջին, երկրորդ ու չորրորդ դասարանները կմիավորվեն, և դասերը միասնական կլինեն, երրորդ դասարան էլ ընդհանրապես չունենք»,- ասաց տնօրենը:

 

Նրա խոսքով՝ դպրոցի աշակերտների թիվն այսօր կազմում է ընդամենը 23: “Երբ ես աշակերտ էի, մեր դասարանում 36 աշակերտ կար, սեղան ու աթոռ չկար, որ վրան նստեինք: Իսկ հիմա շատ սեղան ու աթոռ կա, բայց աշակերտ չկա: Սոցիալական խնդիրները գյուղում չեն լուծվում, իսկ գյուղացիները թողնում ու գնում են: Ես սարսափում եմ, որ դպրոցում աղմուկ չի լինում, պատերը ինձ ուտում են այս դպրոցում”,- ասաց տնօրենը:

 

Տարիներ շարունակ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների տնօրենները բարձրաձայնել են այն մասին, որ այս դպրոցներին կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ տա ու ֆինանսավորման հատուկ չափորոշիչներ սահմանի: Այնինչ, տարեցտարի աշակերտների նվազման խնդրի առաջ կանգնած սահմամամերձ գյուղերի դպրոցները ֆինանսավորվում են աշակերտի թվաքանակով: Որքան քիչ են աշակերտները, այնքան քիչ է ֆինանսավորման չափը:

 

Աստղիկ Ազատյանը նշեց, որ օրերս օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ խնդիրները դարձյալ բարձրացրել է: “Ես խորհրդակցությունների ժամանակ ասացի, որ տրանսպորտ չունենք, տարբեր մրցույթներ են լինում, երեխաները չեն կարողանում մասնակցել, տրանսպորտ չունենք, որ տեղափոխենք: Ավագ դպրոցներին են սեղան ու աթոռ տալիս, սահմանամերձ գյուղերը հայաթափվում են”,- ասաց նա:

 

Ազատյանի խոսքով՝ բացի այն, որ գյուղի դպրոցի աշակերտների թիվն է պակասել, խնդիր է նաև տարեց մասնագետներին երիտասարդներով փոխարինելը: Երկար տարիներ դպրոցում աշխատած մասնագետներն այսօր չեն ուզում իրենց տեղը զիջել երիտասարդներին, քանի որ սոցիալական խնդիրներ ունեն:

 

«Հները չեն գնում, որ երիտասարդը գա: Մենք դպրոցով սոցիալական խնդիր ենք լուծում: Բոլորին այնպես եմ վերաբերվում, որ մնան գյուղում, չգնան, գյուղը մի քիչ գոյատևի: Եվ ստացվում է, որ ավելի շատ սոցիալական խնդիր եմ լուծում, քան կադրային»,- ընդգծեց տնօրենը:

 

Սահմանամերձ Ոսկեպարի դպրոցը նոր ուսումնական տարում ընդամենը 5 առաջին դասարանցի կունենա: Գյուղապետ Երվանդ Եգանյանը Lragir.am-ին ասաց, որ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը մոտ 60 է: Ոսկեպարի գյուղապետն ասում է, որ սխալ է սահմանամերձ համայնքների դպրոցները աշակերտի թվով ֆինանսավորելու տարբերակը: “Եթե աշակերտների թիվը քիչ է, արդեն ֆինասնական խնդիրներ են առաջանում”,- ասաց նա:

 

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ տեղեկացրեց, որ գյուղի դպրոց այս տարի առաջին անգամ ոտք կդնի 7 աշակերտ: Վերջին տարիներին Չինարիում առաջին դասարացիների թիվը գրեթե անփոփոխ է՝ 7-8 աշակերտ: Գյուղի դպրոցն այսօր մոտ 100 աշակերտ ունի: Գյուղապետն ասաց, որ դպրոցի այս տարվա ֆինանսավորման կարգը դեռևս հստակեցված չէ, առաջիկայում մարզխորհրդի նիստ կլինի, կտեղեկացվեն: Սաղոյանի խոսքով՝ Տավուշի մարզպետարանը լրացուցիչ ֆինանսավորում է հատկացնում գյուղի դպրոցին, աջակցում է ուսանողների ուսման վարձի վճարման գործընթացին:

 

«Լրացուչի հատկացումներ է կատարում մարզեպատարանը, որպեսզի կարողանանք դասարանները պահենք: Ուսանողների վարձի մասին էլ են մտածում, մարզպետարանից օրերս նորից զանգեցին, ուսանողների թվաքանակն ուզեցին, այս տարի էլ կօգնեն, որ երեխաները կարողանան կրթություն ստանալ: Անցած տարի օգնեցին,վարձերը վճարեցին, մոտ 27 ուսանող էլ այս տարի ունենք»,- տեղեկացրեց գյուղապետը:

 

Սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի գյուղի դպրոց 10 առաջին դասարանցի կհաճախի: Նրա խոսքով՝ եթե տարիներ առաջ գյուղի աշակերտների թիվը 1000-ի էր հասնում, ապա այսօր մոտ 125 է:

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play