«Խուճապի հեղինակն իշխանություններն են». Տնտեսագետ (Տեսանյութ)


«Խուճապի հեղինակն իշխանություններն են». Տնտեսագետ (Տեսանյութ)

  • 27-08-2015 16:43:43   | Հայաստան  |  Հարցազրույցներ


 
Վերջին օրերին ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ, Կենտրանական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ

 

Պարոն Ասատրյանայս օրերին դարձյալ դրամի նկատմամբ դոլարի արժևորման գործընթաց է տեղի ունենումԻ՞նչ գործընթացների հետ է սա կապված և առաջիկայում ի՞նչ է սպասվում:

 

Սպասվող իրադարձություն էր, և սպասումները գալիս են այն գլոբալ տեղաշարժից, որոնք տեղի են ունեցել համաշխարհային տնտեսության մեջ: Մասնավորապես, մեր գործընկեր երկրներում, կոնկրետ Ռուսաստանում ռուբլու էական արժեզրկման հետ գործ ունեցանք: Բացի այն գործոններից, որոնք մինչև հիմա կային, նաև վերջին 5 օրերի ընթացքում նավթի գինը հասավ 2009 թվականի մակարդակին՝ վերջին 6 տարվա ընթացքում ամենացածր գինն արձանագրվեց: Սա Ռուսաստանի ազգային արժույթի վրա ուղղակի ազդեցություն է թողնում: Իհարկե, կային որոշակի նախադրյաներ, խնդիրներ համաշխարհային տնտեսությունում, մասնավորապես պայմանավորված Չինաստանի տնտեսության զարգացմամբ: Իսկ Չինաստանի տնտեսությունն այսօր աշխարհում խոշորագույն տնտեսություններից մեկն է, և աճի տեմպերի նվազումը պայմանավորում է պահանջարկի նվազումը, այդ թվում՝ միջազգային մի շարք հումքատեսակների մասով, որոնք շատ որոշիչ են մի շարք երկրների զարգացման համար: Չինաստանի տնտեսության աճի տեմպերի էական նվազումը, Չինաստանի ֆոնդային շուկայում տեղի ունեցող գործընթացները հանգեցնում են այս իրավիճակին: Միայն վերջին 2 օրերի ընթացքում ինդեքսների նվազումը 10-ից ավելի տոկոսով է եղել, որը և տարածվեց ամբողջ աշխահի վրա: Դրանով էր նաև պայմանավորված նավթի գների անկման տեմպի ավելացումը, ինչի հետևանքն արդեն ռուսական ռուբլու արժեզրկումն է, ինչն էլ իր անդրադարձն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա:

 

Իմ կարծիքով՝ սա սպասվող առաջին դրսևորումն էր, առաջիկայում ևս մենք պետք է գործ ունենանք այդ դրսևորումների հետ: Ես համեմատեցի այն բոլոր երկրների փոխարժեքները, որոնց հետ մեր երկիրը կապված է: Նախորդ տարվա հոկտեմբերից մինչև հիմա վերլուծելով իրավիճակը՝ պարզվում է, որ այս պահի դրությամբ դրամն ամենացածր տեմպով է արժեզրկվում: Ես վերցրել եմ ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների տվյալները, այլ նաև այն երկրների, որոնց տնտեսությունները փոխկապված են և որոնք նույնպես գտնվում են ռուսական տնտեսության ազդեցության տակ, որոնց վրա տարածվում են ռուսական ռուբլու տատանումները: Այսինքն՝ այսօր ևս կան որոշակի նախապայմաններ դրամի հետագա արժեզրկման համար: Էլ չեմ ասում, որ կա շատ պարզ մի մոտեցում՝ եթե մենք մտնում ենք այս տնտեսական միջավայր, մենք այդ միջավայրի կանոններով պետք է ղեկավարվենք և արտահանման առումով հավասար ու մրցակցային պայմաններ ապահովելու տեսանկյունից մենք չպետք է զսպենք դրամի հետագա արժեզրկումը:

 

Այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ դրամի արհեստական արժևորում է տեղի ունենում:

 

Արհեստական զսպման մասին բավարար տեղեկատվություն չունենք, կարող ենք այդ մասին դատողություն անել, երբ ամիսը կամփոփենք, երբ Կենտրոնական բանկը կհրապարակի իր քայլերի վերաբերյալ տեղեկատվությունը և երբ կտեսնենք մեր միջազգային պահուստների վիճակը: Մենք անցած տարվա հունվարի 1-ից սկսած ունեցել ենք պահուստների մակարդակի էական նվազում: Այսինքն՝ Կենտրոնական բանկը վաճառքներ է իրականացրել: Հիմա, թե ինչ է տեղի ունենում իրականում, ես չեմ ուզում լուրերով ղեկավարվել. մամուլում տեղեկություն կա, որ Կենտրոնական բանկը 20 մլն դոլար է վաճառել, ևս 50 մլն պատրաստվում է վաճառել: Համենայնդեպս կա շատ հստակ մի բան՝ Կենտրոնական բանկը պետք է զբաղվի իր խնդիրներով, և նրա առաջնային խնդիրը չպետք է լինի արտարժութային ինտերվենցիան: Հակառակը, Կենտրոնական բանկը շատ զուսպ պետք է լինի և չպետք է խոչընդոտի տնտեսության բնականոն գործունեությանը: Իսկ բնականոն գործունեությունն ասում է, որ այս պայմաններում դրամը պետք է արժեզրկվի, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ սահմաններում, բայց բոլոր գլոբալ գործոններն այդ ուղղությամբ են գնում: Էլ չեմ ասում, որ առաջ է գալիս այլ գործոն ևս՝ արժեզրկվող ռուսական ռուբլին նշանակում է, որ առաջիկայում նվազելու է Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալը: Այս պարագայում մենք ուղղակի ֆինանսական առումով հաշվեկշռի չենք կարող գալ, և դրամի արժեզրկումն այն միջոցն է, որ այդ հաշվեկշիռը փակվի, և այլ խնդիրների առաջ չկանգնենք:

 

Բայց միաժամանակ գաղտնիք չէ, որ դրամի արժեզրկումն իր հերթին բերում է էական խնդիրներ՝ կթանկանան ներմուծվող ապրանքների գները, դա բացասաբար կազդի կենսամակարդակի վրա, քանի որ կհանգեցնի գնաճի, ֆինանսական համակարգում խուճապային իրավիճակ է կարծես…

 

Խնդիրը շատ պարզ է, կան պրոբլեմներ, այս պրոբլեմները պետք է լուծվեն: Կան երկարատև և կարճատև լուծումներ: Ուղղակի պետության մեջ յուրաքանչյուր օղակ պետք է անի այն, ինչ պետք է անի: Ցավոք, մեզ մոտ վերջին տարիներին խառնաշփոթ է ստեղծվել, քաղաքականությունների ոչ հստակ դրսևորումների հետևանքով առաջանում է խուճապ: Ինչո՞ւ պետք է խուճապ լիներ, հետո ինչ, որ դրամն արժեզրկվեց: Մեզ բոլորիս տրամադրել են, որ դրամը պետք է կայուն մնա, ֆիքսված գին պետք է լինի: Չկա այդպիսի բան և չի կարող լինել: Եթե ռուսական ռուբլին նախորդ տարեսկզբի համեմատ մոտ երկու անգամ դոլարի նկատմամբ արժեզրկվել է, հայկական դրամը՝ մոտ 20 տոկոսով, տարբերությունն այն կորուստներն են, որը մեր տնտեսությունը կարող է ունենալ: Մենք խոսում ենք արտահանման մասին, տնտեսության զարգացման հեռանկարների մասին, որով պետք է լուծվեն մնացած խնդիրները: Եթե տնտեսությունը չզարգանա, դու ոչ մի սոցիալական հարց չես լուծի, հակառակը, դու պետք է հնարավորություն տաս, որ տնտեսությունը զարգանա և պետք է լուծես այս խնդիրները: Կենտրոնական բանկի խնդիրը կա և մնում է գնաճի կարգավորումը, և պետք է դրա համար ունենալ գործիքներ, բացի արտարժույթի վաճառքից:

 

Գործիքներից մեկն էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որը կարծես մեծ արդյունք չի տալիս:

 

Այդ գործիքը մեզանում քիչ արդյունավետ գործիքներից է, բայց ամեն դեպքում կա: Այնպես է ստացվել, որ գնաճի համար ամբողջ պատասխանատվությունը դրված է Կենտրոնական բանկի վրա, մինչդեռ հասկանում ենք, որ կան դրան նպաստող բազմաթիվ գործոններ: Դրանցից մեկն, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է: Այս տեսանկյունից կառավարությունը պետք է համաչափ դարձնի իր քայլերն ու վճիռները Կենտրոնական բանկի գործողությունների հետ, ինչն ապագայում արդյունավետություն կապահովի: Ես մի բան կարող եմ ասել՝ խուճապի հեղինակն իշխանություններն են և իշխանություններն էլ ամեն ինչ պետք է անեն, որ այդ խուճապային տրամադրությունները վերանան: Մենք չենք կարող տարին մեկ անգամ այս խուճապային դրսևորման վտանգի առաջ կանգնել և հետո մտածել, թե ինչպես տնտեսությունը տանել առաջ:

 

Նվազել են Հայաստանի արտահանման ծավալները, սա նույնպես այս փուլում կարծես զսպում է դրամի կտրուկ արժեզրկումը: Ինչպիսի՞ն է է իրավիճակը:

 

Արտահանման նվազումը պետք է համադրենք ներմուծման ծավալների նվազման հետ: Ներմուծման մասով ունենք զգալի՝ ծավալների մոտ 30 տոկոս նվազում, մինչդեռ արտահանման ծավալներն ավելի քիչ են կրճատվել: Իհարկե, մենք պետք է մտածենք չկրճատվելու մասին: Այս տարի գործոնները նպաստավոր են, օրինակ, գյուղատնտեսությունում արձանագրված աճը: Պետք էր մտածել և խնդիրները դնել: Ի դեպ, այդ լուծումների մեջ իր դերը պետք է ունենար դրամի արժեզրկումը չխոչընդոտելը: Եթե անցած տարի Կենտրոնական բանկն այդ ինտերվենցիաները չկատարեր, մեր սեփականությունը շուկա չլցներ, մեր արտահանման ցուցանիշն այսօր շատ ավելի լավը կլիներ: Այսօր ակնհայտ է, որ մեր արտադրողները ոչ հավասար մրցակցային պայմաններում են գտնվում: Այն, ինչ Հայաստանն արտադրում է, արտադրում է բավարար քանակով և կարող է նաև արտահանել, այս առումով մրցակցային պայմաններն ուղղակի շատ ծանր են դառնում՝ կրկնապատիկ ռուսական ռուբլու արժեզրկում, ընդամենը 20 տոկոսով՝ դրամի, 80 տոկոս տարբերություն է տալիս, որը մեր արտահանողների վիճակը շատ է բարդացնում:

 

Բայց մյուս կողմից, երբ հայ արտադրողների հույսը հիմնականում ռուսական շուկան է, որտեղ կան խնդիրներ, ակնհայտ է, որ արտահանման ծավալների նվազում պետք է լիներ: Ի՞նչ պետք  է անեն արտահանողները:

 

Պետք է հարմարվեն այդ շուկայի կանոններին: Դա է միջավայրը, ես չեմ ասում լավ է: Ես գիտեմ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը վատ ընտրություն էր: Բայց, տեսեք, ԵՏՄ անդամ երկրներն անթաքույց արժութային պատերազմներ են միմյանց հետ վարում: Եթե դա լիներ, օրինակ, ԱՄՆ և Չինաստան հարաբերություններում, ռուսական մամուլն առաջինն այդ գնահատականը կտար, բայց չեն խոսում այդ երևույթի մասին, որը ԵՏՄ շրջանակներում հստակ դրսևորումներ ունի: Ռուսական ռուբլու արժեզրկմանն անմիջապես հետևում են Բելառուսի և Ղազախստանի համապատասխան քայլերը, որոնք փորձում են չկորցնել արտահանման հնարավորությունները: Դրա դասագրքային անվանումը արժութային պատերազմ է: Չի կարող պատահել, որ Հայաստանը, որն ունի ամենաթույլ տնտեսությունը, արժույթը ամենակայունը լինը թվարկված երկրների համեմատ: Այդ պայմաններում մենք զգալի ծավալներով կկորցնենք մեր արտահանումը:

 

Չնայած ստեղծված իրավիճակին, կառավարության անդամները խոսում են բարձր տնտեսական աճի մասին, անգամ պաշտոնական վիճակագրական թվերով նախորդ 8 ամիսներին սպասվածից բարձր աճ է արձանագրվել տնտեսությունում: Այնինիչ, շարքային քաղաքացին չի զգում այս աճը, ի՞նչ է սա:

 

Որևէ կառավարություն չպետք է ձգտի մտածել որևէ թվաբանություն ապահովելու մասին: Պետք է ձգտի ստեղծել այն միջավայրը, որտեղ շարքային քաղաքացին կտեսնի այդ աճի արդյունքները: Հակառակ դեպքում ոչ մի արժեք չի ունենա 4 կամ 5 տոկոսանոց աճը, եթե տարվա արդյունքներով պարզվի, որ ևս 50 հազար քաղաքացի լքել է Հայաստանը: Կարող է մի 5 կամ 10 օլիգարխների եկամուտներն են աճել, և աճը դրանով է պայմանավորված: Դա պետք է պարզել, իհարկե, գյուղատնտեսությունն այս ամենում մեծ դեր ունի: Ես կես կատակ-կես լուրջ ասում եմ՝ պետք է շնորհակալ լինենք գյուղատնտեսության նախարարին, որը գլխի ընկավ և գնաց եկեղեցի աղոթեց: Այդ աղոթքը տեղ է հասել, բայց տնտեսական ուրիշ մեխանիզմ չի աշխատել, որ այս արդյունքն ապահովի:

-

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ