Սպասվում է կարտոֆիլի գնանկում


Սպասվում է կարտոֆիլի գնանկում

  • 29-08-2015 19:26:09   | Հայաստան  |  Տնտեսություն
 Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ  հանրապետությունում  սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև  հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ  նաև ընթացիկ  տարին։
 
Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից  և ավարտվում հուլիսին։
 
Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են  ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից,  իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է։
 
Ստացվում է այսպես, որ ամբողջ  օգոստոս ամսվա  ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է  ժամանակավոր գնաճի։
 
Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը  շուկայում աստիճանաբար  կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ նախարարությունը վերահսկում է  իրավիճակը  և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն