«Ա1+»-ին սատարում է 20 հազար մարդ. եթեր վերադարձի հանգանակություն- քվեարկության արդյունքում հավաքվել է մոտ 3,5 միլիոն դրամ


«Ա1+»-ին սատարում է 20 հազար մարդ. եթեր վերադարձի հանգանակություն- քվեարկության արդյունքում հավաքվել է մոտ 3,5 միլիոն դրամ

  • 06-12-2010 16:51:05   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ համաձայն «Ա1+»-ին սատարող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի արդյունքների` «Ա1+»-ին սատարում է 20 հազար մարդ եւ եթեր վերադարձի հանգանակություն- քվեարկության արդյունքում հավաքվել է մոտ 3,5 միլիոն դրամ: Ըստ Մ.Մովսիսյանh, համաձայն այս արդյունքների իրենց բռնած ուղին եւ մարտավարությունը ճիշտ են: Բանախոսը տեղեկացրեց, որ հանգանակությանը մասնակցել է նաեւ Սփյուռքը, միայն թե փոխանցումներ անելիս առաջանում են դժվարություններ` բանկի կողմից պահվում են տոկոսներ, եւ դեռ պարզ չէ, կհասնի տեղ արդյոք գումարը, թե` ոչ: «Հետեւաբար Սփյուռքից անձնական տվյալներով նամակներ են գալիս, թե քանի հոգի որքան գումար է փոխանցելու»,- ասաց Մ. Մովսիսյանը: Նա տեղեկացրեց, որ հանգանակությանը նաեւ պաշտոնյաներ են մասնակցել` անանուն ու բացահայտ: Հանգանակություն-քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 16-ին: Ինչպես նշեց «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի անդամ, Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Ժողովրդական հեռուստատեսություն ստեղծելու գաղափարը նոր է եւ շատերի համար անհասկանալի: «Եթե փորձենք վերլուծել բանկային փոխանցումների ու հանգանակությունների վիճակը, կարող եմ ասել, որ մասնակիցների մեծ մասը չի պատկերացնում ` ինչ է ուզում ժողովրդական հեռուստատեսությունից, բայց ուզում է: Սակայն կա նաեւ այնպիսի զանգված, որ մեծ գումարներ փոխանցելով, հստակ պատկերացնում է իր ուզածը»: Ըստ Բ.Նավասարդյանի, նոր ծրագրային քաղաքականություն առաջարկելով, «գեղեցիկ գաղափարները իրականություն կդառնան»: Ըստ նրա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում հեռուստատեսությունը մնում է տեղեկատվության հիմնական աղբյուրը: «Այս բոլոր խնդիրներից ելնելով ծնվեց նոր հեռուստատեսություն ստեղծելու գաղափարը, որը միգուցե կզբաղեցնի հեռուստաընկերություններից մեկի` տվյալ դեպքում «Ա1+»-ի եթերի մի մասը եւ որքան հնարավոր է կապահովի այն տեղեկատվական պահանջարկը, որը ձեւավորված է մեր հասարակության մեջ»,- ասաց նա: «Ա1+»-ի տնօրենը համոզված է, որ հանգանակությունն ու ժողովրդի այս տարբերակով քվեն որեւէ էական նշանակություն չեն ունենա դեկտեմբերի 16-ին անցկացվելիք լիցենզավորման մրցույթի վերջնական արդյունքների վրա, քանի որ, ըստ Մ. Մովսիսյանի, «ՀՌԱՀ-ը որոշում կկայացնի Բաղրամյան փողոցից եկած հրահանգով»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play