Կգնա՞ր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախ, եթե Լավրովը չգնար Բաքու. Մեկնաբան


Կգնա՞ր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախ, եթե Լավրովը չգնար Բաքու. Մեկնաբան

  • 01-09-2015 15:14:49   |   |  Վերլուծություն
 

 

Սեպտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ՝ անկախության տոնի առիթով: Հայտնի չէ, թե ինչ առիթով, բայց նույն օրը կարճատեւ այցով Բաքու է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սպասվում է, որ Բաքվում Լավրովի հանդիպումների առանցքը լինելու է Արցախի հակամարտության թեման: Իհարկե այդ մասով դժվար է ասել շեշտադրումը, համատեքստը: Ի վերջո, Արցախի հակամարտության թեման կարող է քննարկվել օրինակ Վրաստանում ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի կամ պարզապես փաստացի ռազմական ներկայացվածության համատեքստում: Մի քանի օր առաջ բացվեց այդ կենտրոնը, որով նշանավորվեց ՆԱՏՕ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Հարավային Կովկասում, որտեղ ռազմա-քաղաքական առումով ՌԴ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը թվում էր անքննելի:

 

Այսինքն, այդ իմաստով Վրաստանում ՆԱՏՕ կենտրոնի բացումը ԽՍՀՄ փլուզումից հետո թերեւս հարավկովկասյան ամենանշանակալի իրադարձություններից է, որը ազդեցություն ունի ամբողջ տարածաշրջանի առումով: Հետեւաբար մեծ հավանականություն կա, որ Ռուսաստանն այդ քայլին հակազդեցության տարբերակ կարող է դիտարկել Արցախի հակամարտությունը: Առավել եւս, որ ՆԱՏՕ Կենտրոնի բացումից հետո ՌԴ ԱԳՆ-ն սպառնաց Կովկասի ապակայունացումով: Արցախն ապակայունացման «ամենահարմար» օջախներից է:

 

Ընդ որում, հետաքրքիր է, որ Սերգեյ Լավրովի այցից առաջ Բաքուն հերթական անգամ սպառնացել է պատերազմով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Ալի Հասանովը Լավրովի այցի նախօրեին հայտարարել է, որ եթե բանակցությունը շարունակվի անարդյունավետ, իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամները ճնշում չբանեցնեն Հայաստանի վրա, ապա պատերազմն անխուսափեի է:

 

Բաքուն այդպիսով բարձրացրել է Լավրովի այցի գինը: Տարածաշրջանային ապակայունացումը ներկայում տարածաշրջանի վերահսկողության հարցում թուրք-ռուս-ադրբեջանական եռանկյունու մենաշնորհի պահպանման վերջին լծակն է: Այդ մենաշնորհն աստիճանաբար կոտրվում է, տարածաշրջան է մտնում ՆԱՏՕ-ն, ԱՄՆ ավելի բաց է հայտարարում Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման գործում իր ներգրավվածության մասին, հայտարարվում է սահմանային անվտանգության ու կայունության հարցում Հայաստանին ցուցաբերվելիք ԱՄՆ տեխնիկական աջակցության մասին:

 

Դժվար է ասել՝ կգնա՞ր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախ, եթե Լավրովը չգնար Բաքու, թե ոչ: Առավել եւս, որ Սարգսյանը կարող էր սպասել Բաքվում Լավրովի բանակցության արդյունքին եւ ըստ այդմ արձագանքել: Բայց, այպես, թե այնպես, Սարգսյանն այդ արդյունքին չի սպասել եւ Լավրովից առաջ մեկնել է Արցախ, ինչը բավական խորհրդանշական է՝ եթե անգամ Սարգսյանը մեկնելու էր Արցախ բոլոր դեպքերում: Լավրովի Բաքվում լինելուն զուգահեռ Սարգսյանի Արցախում գտնվելը թերեւս հաղորդագրություն է, որ բանակցային գործընթացում Հայաստանը չի նահանջելու:

 

Սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանից առաջ ընթանում է դիրքային պայքար, թե հակամարտող կողմերի, թե համանախագահների միջեւ: Օրերս հայտարարություն էր արել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ասելով, որ նախագահները պետք է նոր հանձնառություն ստանձնեն խաղաղ կարգավորման համար: Դրան զուգահեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը չի ազդում Արցախի խնդրում համատեղ աշխատանքի վրա: Զախարովան միաժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանը պատասխանատվությամբ է մոտենում իր համանախագահությանը, գիտակցելով, որ զբաղված են լուրջ աշխատանքով:

 

Արդյոք Լավրովի այցը Բաքու ռուս-ամերիկյան համատեղ աշխատանքի շրջանակում է եւ Մոսկվան փորձում է Ալիեւի համոզել ստանձնել Ուորլիքի ասած նոր հանձնառությունը, ինչը թերեւս ենթադրում է կայունության եւ հրադադարի ապահովման հարցում նոր պատասխանատվություն ու երաշխավորություն: Թե՞ մի ձեռքով ստիպված լինելով աշխատել ԱՄՆ հետ՝ մյուս ձեռքով Մոսկվան փորձում է Բաքվի միջոցով շանտաժի ենթարկել Նահանգներին եւ շարունակել տարածաշրջանային ազդեցությունը չկորցնելու համար պայքարը, որում վերջին շրջանում կրել է երկու խոշոր պարտություն՝ միջազգային համաձայնություն Իրանի հարցում եւ Վրաստանում ՆԱՏՕ կենտրոնի բացում:

 

Արցախի հարցում հրադադարի եւ տարածաշրջանային կայունության հայ-ադրբեջանական նոր հանձնառությունը կարող է լինել Ռուսաստանի երրորդ պարտությունը:

lragir.am

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն