Վերանորոգվել է Ֆիոլետովո գյուղի դպրոցի մարզադահլիճը


Վերանորոգվել է Ֆիոլետովո գյուղի դպրոցի մարզադահլիճը

  • 02-09-2015 14:27:48   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 140 աշակերտ: Այս օրը դպրոցում ոչ միայն ողջունում էին 15 առաջին դասարանցիներին, այլ նաև բացում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աջակցությամբ վերանորոգված մարզադահլիճը: 
 
Աշակերտներին ողջունեցին ՀՀ-ում ՌԴ-ի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանում ՌԴ-ի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: 
ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը շնորհավորեց աշակերտներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
- Համոզված եմ, որ դահլիճը, որը չէր շահագործվում երկրաշարժից հետո, կծառայի երեխաներին և թույլ կտա զարգացնել նրանց մարզական հաջողությունները: Մեր Ընկերությունը կշարունակի աջակցել դպրոցին՝ ուսուցման հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում, - ասաց Վիկտոր Ռեբեցը: 
Ինչպես նշեց ՀԿԵ-ի ղեկավարը, Ընկերությունը իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերեց դպրոցի 2-րդ մասնաշենքի վերանորոգման գործում: Այստեղ են գտնվում մարզական և ակտային դահլիճները: Նրա խոսքերով, երկրաշարժից հետո այստեղ վնասվել էր ջեռուցման համակարգը, կենցաղային հանգույցները, մասնաշենքը գտնվում էր վատ վիճակում: 
- Մարզական դահլիճը ավերված էր և չէր շահագործվում, ակտային դահլիճը գրեթե չէր օգտագործվում: Մենք որոշեցինք վերականգնել օբյեկտները և համատեղել ակտային և մարզական դահլիճները: Իսկ անհրաժեշտ մարզական սարքավորումները նվիրեցին ռուսական բիզնեսի ներկայացուցիչները, - նշեց Վիկտոր Ռեբեցը: 
Նա նաև տեղեկացրեց, որ Ընկերությունը վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը: 
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը ընդգծեց, որ դպրոցի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է և ապագայում նախատեսվում է վերանորոգել գրադարանը, որտեղ կտեղադրվեն նոր գրապահարանները և կբացվի նոր ընթերցասրահ: Բացի այդ, նախատեսվում է բարեկարգել նախապատրաստական խմբի դասասենյակը: 
Իր հերթին ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ դպրոցին ցուցաբերված աջակցության համար: 
Իսկ տոնական արարողության ժամանակ դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը ՀԿԵ-ի ղեկավարին հանձնեց շնորհակալագիր: 
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովո գյուղին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունը արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ