ԱՄՆ ավելի վաղ ՌԴ պաշտպանական համակարգը ներառել էր նաեւ ուկրաինական ճգնաժամի պատճառով կիրառվող պատժամիջոցների ցանկում:
Նոր պատժամիջոցները անկասկած ավելի կբարդացնեն թե Ռուսաստանի տնտեսական վիճակը, թե մասնավորապես ռազմարդյունաբերական համալիրի: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի համար շատ թանկ է դառնում ռազմարդյունաբերության արտաքին ցանկացած պատվեր:
Դա է պատճառը, որ ռազմարդյունաբերական համալիրի համար պատվեր բերելը ՌԴ-ում հասցվել է կարեւորության այնպիսի աստիճանի, որ դրանով զբաղվում է արդեն անմիջականորեն արտաքին գործերի նախարարը: Սեպտեմբերի 1-ին Ադրբեջան այցելած Սերգեյ Լավրովը Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կմասնակցի Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Դա ուղղակի հույս է, որ Ադրբեջանը ՌԴ-ին կտա սպառազինության հերթական միլիարդանոց կամ մի քանի միլիարդանոց պատվերը:
5 մլրդ դոլար պատվերը կատարելուց հետո, Ռուսաստանը Բաքվից սպասում է նոր պատվերների: Բայց Բաքուն կարծես թե հապաղում է: Մի քանի ամիս առաջ Ադրբեջան այցելեցին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռոսոբորոնէքսպորտ ընկերության ղեկավարը, սակայն նրանց մոտ կարծես թե չստացվեց Ադրբեջանից պատվեր կորզելը:
Ալիեւն ըստ երեւույթին լավ է հասկանում, որ ՌԴ համար իր գինն աճել է, ընդ որում աճել է թե որպես ռազմարդյունաբերության հիմնական սպառողներից մեկը, թե ընդհանրապես տարածաշրջանային ռազմա-քաղաքական իմաստով: Ադրբեջանն ըստ երեւույթին այդ հանգամանքից փորձում է օգտվել եւ հասնել մի իրավիճակի, երբ Ռուսաստանը սպառազինությունը կամ շատ էժան կվաճառի, կամ էլ պատվերի դիմաց կվճարի քաղաքական թանկ գին:
Բացառված չէ, որ Բաքուն ակնկալում է Մոսկվայից օժանդակություն ձեռք բերված սպառազինությունը թեկուզ մասնակի կիրառելու, այլ կերպ ասած՝ հայկական կողմի հանդեպ որոշակի ագրեսիայի հարցում: Առայժմ կարծես թե աջակցությունը զուտ դիվերսիոն պատերազմի եւ մանր տրամաչափի զինատեսակներից հրետակոծության մասով է: Պատահական չէ, որ Լավրովի Բաքվում գտնվելու ընթացքում Ադրբեջանն առանց քաշվելու վերսկսում է Հայաստանի բնակավայրերի գնդակոծումը:
Կհաջողվի՞ Լավրովին կորզել որեւէ պատկառելի պատվեր Ադրբեջանից, ու ի՞նչ գնով, եւ այդ հաջողության հարցում գնի ո՞ր մասն է Ռուսաստանը ստիպելու կամ փորձելու ստիպել վճարել Հայաստանին: Սովորաբար Մոսկվան Կովկասում միշտ էլ վճարում է Հայաստանի հաշվին, այսինքն Մոսկվայի հաշիվն այստեղ միշտ փակում է Հայաստանը:
Բայց, վերջին շրջանում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք պարունակում են իրավիճակի որոշակի փոփոխության նախանշաններ: Իհարկե դժվար է ասել՝ դա պետական քաղաքականության թեկուզ աստիճանական փոփոխության նշա՞ն է՝ վերահաս տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական աղետի գիտակցմամբ, թե ընդամենը Ռուսաստանի աչալուրջ վերահսկողությամբ կառավարվող գործընթաց:
Բոլոր դեպքերում, վերջին շրջանում Հայաստանը ներգրավված է եղել մի քանի քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընթացներում, կապված Վրաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների, միջազգային խաղաղապահ առաքելությունների հետ: Բայց դրանք առայժմ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս են պատասխաններ, քանի որ ընդհանուր ֆոնի վրա դեռեւս հանդիսանում են բացառություններ, առավել եւս, երբ դրանք սովորաբար որպես կանոն ուղեկցվում են որեւէ այլ ուղղությամբ ռուսական ամոթալի «պասաժներով»: