Ինչո՞ւ պետք է Պերմյակովը հայտնվեր ռուսական կողմում, որ հետո էլ շնորհակալություն հայտնեինք, Փաս։տաբան (Տեսանյութ)


Ինչո՞ւ պետք է Պերմյակովը հայտնվեր ռուսական կողմում, որ հետո էլ շնորհակալություն հայտնեինք, Փաս։տաբան (Տեսանյութ)

  • 09-09-2015 14:26:05   | Հայաստան  |  Իրավունք


lusine sahakyan

ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեին և հետագա դատաքննությունն անցկացնելու են  Հայաստանի համապատասխան ատյանները:  9 հատորանոց գործն արդեն թարգմանված է:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ասում է` բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել ռուսական կողմից, մասնավորապես փորձագիտական եզրակացությունների տեսքով, եւ դրանք ամբողջովին ուսումնասիրելուց հետո փաստաբաններն ասուլիսի միջոցով  հանրությանը կտեղեկացնեն այդ մասին:

«Սակայն նշեմ, որ մենք արդեն իսկ ներկայացրել ենք միջնորդություն դատահոգեբանական, հոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որը բավարարվել է, և նաև միջնորդել ենք, որպեսզի ներկա գտնվենք այդ փորձաքննության կատարմանը, որը ևս բավարարվել է»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:

Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու համար: Փաստաբանից հարցրեցինք, թե իսկապե՞ս գործ հանձնելը ՌԴ-ի կողմից բարի կամքի դրսևորում էր, թե՞  իրավական ընթացակարգ:

«Իրականում ես այս ամեն ինչը համարում եմ նվաստացուցիչ, որովհետև Պերմյակովը չպիտի էլ հայտնվեր ռուսական կողմում և հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում, իր գործունեությունը բարեխիղճ կատարելու դեպքում Պերմյակովը չէր էլ հայտնվի ռուսական կողմում, որ հետո էլ խնդրեինք, որ գործը փոխանցվեր հայկական կողմին և առավել ևս շնորհակալություն հայտնեինք նրա համար, որ գործը փոխանցվել է հայկական կողմին: Գոյություն ունի համապատասխան համաձայնագիր, որ եթե հանցագործությունը կատարվել է ռազմաբազայից դուրս, պետք է քննվի հայկական կողմում, ինչը և կատարվել է, և ռուսական կողմն ակնհայտ ապօրինի որոշում էր կայացրել, որ իր մոտ ևս սպանության մասով քննություն էր կատարում, չնայած դա օգտակար եղավ մեզ, որովհետև այն ապացույցները որոնք ձեռք էին բերվել, այժմ լրացնում են այն ապացույցներին, որոնք ձեռք էր բերել հայկական կողմը: Այս գործը պետք է միացվեր իրար, որովհետև երկու կողմն էլ` և Հայաստանը, և Ռուսաստանը, պարտավորություն ունեն կյանքի իրավունքի հետ կապված պատշաճ քննություն կատարել, այլապես նրանք կոնվենցիայի 2 հոդվածով կկրեին պատասխանատվություն»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Նշենք սակայն, որ ռուսական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն սպանության գործը և ոչ թե Պերմյակովին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ, ուստի դեռևս պարզ չէ, թե Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը կանցկացվի ՇՄ առաջին ատյանի դատարանում, թե՞ դատարանը ստիպված կլինի արտագնա նիստեր կազմակերպել 102-րդ ռազմաբազայում, որտեղ գտնվում է Պերմյակովը:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռևս պարզ չէ , թե դատավարությունը որտեղ պետք է տեղի ունենա… սակայն, եթե դա պետք է լինի ռազմաբազայում, ապա երկու կողմերն էլ լուրջ պետք է աշխատեն, որ այդ դատավարությունը լինի դռնբաց, իրական, ոչ թե ձևական դռնբաց»:

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք