Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն աննախադեպ թվով միջազգային ընկերություններ և այցելուներ


Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն աննախադեպ թվով միջազգային ընկերություններ և այցելուներ

  • 09-09-2015 15:03:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շուտով Հայաստանում անցկացվելու է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք Էքսպո տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցելու են տեղական և միջազգային ավելի քան 130 հեղինակավոր ընկերություններ, իսկ այցելուների թիվը հնարավոր է գերազանցի 40 հազարը:
 
Ինչպես սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց տեխնոլոգիական ցուցահանդեսի կազմակերպիչներից, Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, եռօրյա տեխնոլոգիական տոնին մասնակցելու են նաև առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:
Ըստ նրա` ԴիջիԹեք 2015-ն առանձնահատուկ է նրանով, որ ցուցահանդեսին մասնակցող հեղինակավոր ընկերությունների թվում են նաև միջազգային ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են PicsArt-ը, «Զանգի»-ին, «Ջումագը», «Տրիադա Ստուդիոն», Ericsson-ը, Huawei-ը, Keysight Technologies-ը, Galix-ը և այլն:
«ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է, միաժամանակ այն լայն հնարավորություն է ուսումնասիրելու հայաստանյան ՏՀՏ  դաշտի իրական պատկերը, ոլորտում առկա մարտահրավերներն ու հեռանկարները»,- նշեց Կ. Վարդանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ցուցահանդեսի առաջին օրը` հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ-ից ժամանող հայ մասնագետները կծանոթանան իրենց տեղացի գործընկերների և հայաստանյան ընկերությունների հետ, իսկ հաջորդ օրը ՏՏ ոլորտի վերաբերյալ պրոբլեմային քննարկում կանցկացվի ՀՀ վարչապետի հետ: 
Նա նաև հավելեց, որ տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգընթաց տեղի կունենան ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:
«Համաշխարհային հաջողության հասնելու համար պետք է մշտապես համատեղենք տեխնոլոգիաներն ազգային մշակույթի հետ, քանի որ հակառակ դեպքում կստացվի, որ մենք արտասահմանի համար ենք պատրաստում ՏՏ ոլորտի մասնագետներ, մինչդեռ մեր նպատակն է, որպեսզի մեր պատրաստած մասնագետներն ամուր կապերով կապված լինեն իրենց հայրենիքին»,- նշեց Կ. Վարդանյանը: 
ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով` իրենք մշտապես պատրաստ են աջակցել և հովանավորել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր տեսակի միջոցառումներին, քանի որ դրանց շնորհիվ հայ հասարակությունն ավելի մոտիկից է շփվում ՏՏ ոլորտի հետ: 
«Լինելով նորարարական մոտեցումների և նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծող և ջատագով` մեր ընկերությունն առաջին անգամ չէ, որ հովանավորում է  ԴիջիԹեք ցուցահանդեսն ու նմանատիպ այլ միջոցառումներ»,- ընդգծեց Հ. Եսայանը:
Նրա տեղեկացմամբ` ինչպես նախկինում, այս տարի ևս «Յուքոմ»-ը մասնակցելու է ԴիջիԹեք-ին և ներկայացնելու է այն բոլոր նոր ծառայությունները, որոնք 2016 թվականից մատուցելու է իր բաժանորդներին: 
Նշվեց, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսյաին համալիրում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play