Փախստականները, Եվրոգոտին և թուրքական սադրանքը,,,


Փախստականները, Եվրոգոտին և թուրքական սադրանքը,,,

  • 10-09-2015 11:10:25   | Իրան  |  Վերլուծություն

Միջին ու Մերձաւոր Արեւելքի եւ Աֆրիկայի յայտնի արհաւիրքներից ու պատերազմական իրավիճակներից խոյս տւող մարդկային հոծ զանգւածներիª փախստականների անվերջանալի շարասիւներ են կուտակւել Եւրոգօտու անմիջական մատոյցներում:
 
Պատճառ-հետեւանքային իրադարձութիւնների պատասխանատւութիւնը խոշոր տոկոսով վերագրելի է նոյնինքն Եւրոպայի առաւել եւս արեւմտա-ԱՄՆ-ամէտ այն ճամբարին, որի, այսպէս ասած տնտեսական գլոբալ քաղաքականութեան արդիւնքում նոյն Եւրոմիութեան տնտեսական համակարգը մեղմ ասած՝ ճգնաժամ է ապրում, ընդհուպ մինչեւ միութեան տրոհում...: Իսկ նոյն ճամբարի աշխարհաքաղաքական նկրտումների ուղղակի արդիւնքն է՝ աշխարհատարած լրատւական թէ՜ համացանցային լրահոսում չդադարող փախստականների ոդիսականները...
 
Այս ամենի հաշւին արդարանալու համար, խոցւած Եւրոպան նոր մրցավազք է ձեռնարկել փախստականներին տուն-տեղ-աջակցութիւն ցուցաբերելով, մարդասիրական ու ժողովրդավարական իր յատկանիշերը գերագնահատելու մոլուցքից մղւած...:
 
Ահաւասիկ.-
 
Աշխարհի այսրոպէական թիւ 1 իրադարձութեան (փախստականներ) բուն պատճառը հանդիսանալով, Եւրոպան ճարահատ իր վրայ է կրում նաեւ հետեւանքը... այլապէս ո՞ւր էին նոյն արեւմտա-եւրոպական ժողովրդավարական ու մարդասիրական հակումները, երբ հէնց իրենց տնտեսա-քաղաքական ու առաւել եւս ՙքաղաքակրթական՚ հանթինգթոնեան ստրատեգները ՙՆոր Միջին Արեւելք-ներ ու ՙԱրաբական գարուններ էին մոգոնում-ուրւագծում...:
 
Այլապէս՝  նոյն Արեւմուտքի ու Եւրոպայի երես առած մանկլաւիկ Թուրքիան լկտիօրէն չէր սադրի ու շահարկի ՙփախստականների գործօնը՚ հէնց Եւրոպայի դէմ ու չէր յանդգնի համաշխարհային սպառնալիք ԴԱԷՇ-ին ճզմելու պատրւակ-իմիտացիայով քրդասպան իր հնամենի ծրագիրը ի գործ դնել:
 
Եւրոպան, սակայն, իր Եւրոմիութեամբ ու Եւրոխորհրդով տնտեսա-քաղաքական հեռահար ծրագրերը վերանայելու անխուսափելի հարկադրանքի դէմ-յանդիման է կանգնած. այլապէս նոյն մշակւած ծրագրերը բումերանգի օրինաչափութեամբ ի վնաս իրեն են աշխատելու՝ քայքայելով կանաչապատ աշխարհամասի ե°ւ միութիւնը, ե°ւ միասնականութիւնը...:
 
ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն