Մերօրեայ ՙԴիպլոմատ հրէշները՚ ....


Մերօրեայ ՙԴիպլոմատ հրէշները՚ ....

  • 10-09-2015 11:17:53   | Իրան  |  Վերլուծություն

 Աւելի քան երկու տասնամեակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարգաւորելու կոչւած դիպլոմատիան, 1994-ի զինադադարից ցայսօր, իր միջնորդական առաքելութեան ՙօրինաչափ՚ կեցւածք է որդեգրել հակամարտ կողմերի միջեւ ՙհաւասարութեան նշան՚-ով վերաբերմունքը, ինքնըստինքեան արհամարհելով մի այլ, թերեւս աւելի զօրաւոր օրինաչափ երեւոյթ, այն է՝ արդարութիւնը...: Եւ իրաւամբ՝ հաւասարութեան ու արդարութեան միջեւ եւս հասաւարութեան նշան դնելը մեղմ ասած անգիտութիւն է: Եւրոյանձնակատար, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ եւ նմանատիպ կառոյցների դիպլոմատները չեն կարողանում (աւելի ճիշտ չեն ցանկանում) համարձակութիւն ու կամք ցուցաբերել, ասենք, զինադադարը խախտող, սահմանամերձ գիւղաբնակների վրայ կրակ բացող, առաջնագծերում դիպուկահարներ օգտագործող ու դիւերսիաներ սադրող ագրեսոր ու հայատեաց Ադրբեջանին: Նման դէպքերում, ահա, մեր խնդրոյ առարկայ դիպլոմատիան ՙհաւասարութեան սկզբունքին՚ հաւատարիմ յարձակւողին ու պաշտպանւողին նոյն նժարի վրայ է դնում, ու իր երկակի կեցւածքով խաղաղութեան ու երկխօսութեան քարոզներ ու ուղերձներ է շռայլում կողմերին: Իսկ արդիւնքում. արդիւքում՝ կոնֆլիկտը մնում է չլուծւած, այսինքն՝ Արցախի ՙդէ ֆակտօ՚ (իրական) անկախութիւնն դիպլոմատիայի կողմից չի ամրագրւում որպէս ՙդէ իւրէ՚ (իրաւական) հասկացութիւն  յաչս միջազգային ընտանիքի...: Ու քանի դեռ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Վորլիքը իր ՙթուիթերային՚ էջում ի ցոյց դրած հրթիռի արկի ներքոյ չի գրում. ՙԱդրբեջանի արձակած հրթիռ՚, իր եւ իր նման ՙդիպլոմատ հրէշների՚ ՙխաղաղութեա¯ն՚ կոչերը մնալու են ձայն բարբառոյ յանապատի... -Որպէս վերջաբան մէջբերենք դեռ սրանից շուրջ 120 տարի առաջ ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմի խիստ դիպուկ եւ այժմէական խօսքերը տպագրւածª ՙԴրօշակ՚-ի 1896 թ.-ի օգոտսոսի 15 համարում, ՙԴիպլոմատ հրէշներ՚ խորագրի ներքոյ.- ՙ...Ամէն անգամ, երբ առիթ ենք ունեցել խօսելու եւրոպական դիպլոմատիայի մասին, որը պաշտօնապէս իր ՙհովանաւորութեան՚ տակ է առել Արեւելքի քրիստոնեաներին, մենք հեռու որեւէ յոռետեսութիւնից, յենւած միմիայն պարզ իրականութեան վրայ, պնդել ենք միշտ, որ ո°չ մի դիպլոմատի համար գոյութիւն չունեն ո°չ քրիստոնէական, ո°չ մարդասիրական, ո°չ քաղաքակրթական եւ ոչ այլ նոյնանման նպատակներ: Մենք ընդունում էինք, որ դիպլոմատիան կարող է եւ ոչ թէ միայն չօգնել մեզ, անտարբեր մնալ, այլ մինչեւ իսկ վնասել մեզ, աշխատել կանգնեցնել ծնունդ առած շարժումը, եթէ այդ իր շահերին վնասակար նկատւի: Բայց մենք- եւ մեզ հետ նոյնիսկ ամենամեծ յոռետեսները-դժւար կարող էինք երեւակայել, որ քաղաքակիրթ աշխարհի ՙքաղաքակիրթ՚ ներկայացուցիչները հասնէին անխղճութեան, տմարդութեան ու լրբութեան այն ծայրայեղ աստիճանին, որի վրայ նրանք կանգնած են այժմ, եւ ոչ թէ միայն մեր, այլեւ ամբողջ արեւելեան հարցի վերաբերմամբ:

Սա արդէն չափից դուրս է. այս դէպքում մարդ դժւարանում է հաւատալ, թէ դրանք մարդկային արարածներ են եւ ոչ թէ հրէշներ մարդկային կերպարանքով...՚:

 
ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն