Հովիկ Աբրահամյան. «Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը եւ ցանկացած աջակցություն»


Հովիկ Աբրահամյան. «Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը եւ ցանկացած աջակցություն»

  • 03-12-2010 15:29:36   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Այն յուրատեսակ կոչ է հանրությանը` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունենալով` ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը եւ ցանկացած աջակցություն: Եւ մենք պարտավոր ենք տալ այդ ամենը նրանց: Ճակատագրի կամքով այդ մարդկանց բաժին ընկած սահմանափակումները մենք պետք է փորձենք գոնե ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից որեւէ մեկն իրեն օտարված չզգա շրջապատից: Պետությունն իր այսօրվա հնարավորությունների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, որոնք, թերեւս, լիարժեք բավարար չեն, բայց համոզված եմ, որ այդ հնարավորությունները վաղն ավելի մեծ են լինելու: Հաշմանդամների խնդիրները գտնվում են խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որտեղ նրանք ամենաակտիվ մասնակիցներից են: Հաշմանդամների նկատմամբ ձեւավորված կարեկցական վերաբերմունքի փոխարեն նրանց պետք է ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ եւ ստեղծել հավասար հնարավորություններ, որ ինտեգրվեն հասարակությանը, զգան, որ անտեսված եւ մոռացված չեն: Մենք պարտավոր ենք օգնել նրանց` գտնելու իրենց տեղը հասարակության մեջ:»
Նոյյան տապան  -   Հասարակություն