Վերջին 9 տարիներին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվն ավելացել է 3 անգամ, հասնելով 1,4 մլն-ի<br />


Վերջին 9 տարիներին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվն ավելացել է 3 անգամ, հասնելով 1,4 մլն-ի

  • 01-12-2010 23:36:17   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2009թ.-ին աշխարհում հաշվառված էր 33,3մլն ՄԻԱՎ-ով վարակված մարդ, որոնցից 22,5 մլն-ը բնակվում էր Աֆրիկայում: Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են Հայաստանն ու նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը հասել է 1,4 մլն-ի, որը 2000թ.-ի համեմատ աճել է 3 անգամ: Այս մասին դեկտեմբերի 1-ին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա տվյալներով, Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներից 460-ի մոտ (կին` 108, երեխա`10) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 84-ի մոտ` 2009թ.-ի ընթացքում: ՁԻԱՀ-ի դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին 3 տարիների ընթացքում: “Համաճարակի” սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 228 դեպք: Մահացածների թվում կան 38 կին եւ 4 երեխա: 2010թ.-ի 11 ամիսների ընթացքում արձանագրված մահվան դեպքերի թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում` 402 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 42,1%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով 2-րդ տեղում է Շիրակի մարզը` 11,3%: Համաձայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատման հաշվարկային տվյալների, ՀՀ-ում կա 1900 ՄԻԱՎ-ով վարակված մարդ: Ըստ կենտրոնի տնօրենի, ոչ պահպանակները եւ ոչ էլ քարոզչությունը չեն օգնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: «Այս խնդրում կարեւոր դեր է վերապահված հոգեւոր արժեքներով դաստիարակմանը, անհրաժեշտ է սեռական կյանքը չսկսել վաղ տարիքում եւ զերծ մնալ պատահական սեռական կապերից: Դա է ապացուցում 30 տարվա փորձը»,- ասաց Ս. Գրիգորյանը: «2009թ.-ի ընթացքում 2,6 մլն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, նրանցից 130 հազարը` մեր տարածաշրջանում. դա ավելի քան 4 անգամ գերազանցում է Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայում արձանագրված դեպքերի թվին»,- տեղեկացրեց Ս. Գրիգորյանը : 2009թ.-ի ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,8 մլն մարդ: Նշված տարածաշրջանում 2001-2009թթ.-ին մահվան դեպքերը ավելացել են մոտ 4 անգամ՝ 18 հազարից հասնելով 76 հազարի: 2009թ.-ի դրությամբ աշխարհում կար ՄԻԱՎ-ով ապրող 2,5մլն երեխա: 2009թ.-ի ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 370 հազար երեխա, իսկ 260 հազարը մահացել է: Նույն օրը տեղի ունեցավ նաեւ «Պայքարելով ՄԻԱՎ-ի դեմ» ձեռնարկի շնորհանդեսը: Այն նախատեսված է խորհրդարանականների համար: Ասյտեղ մանրամասն ներկայացված է ՄԻԱՎ-ի վարակի հետազոտության, խորհրդատվության, հիվանդության կանխարգելման, բուժման եւ խնամքի վերաբերյալ տեղեկատվություն: ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով, «Պատգամավորները ծանոթանալով ձեռնարկին, ավելի տեղեկացված կլինեն, թե ինչպիսի տարածվածություն ունի ՄԻԱՎ-ը աշխարհում, ինչպիսի խնդիրներ են առաջանում եւ ինչպես հաղթահարել այդ խնդիրները»: Նա կարծում է, որ ոլորտում անելիքներն ու բացերը շատ են, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրները մի կառույցի սահմաններում հնարավոր չէ լուծել: Ա. Բաբլոյանի համոզմամբ, երեխաներին պետք է կրթել դեռեւս դպրոցական հասակից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play