Մշակվում է Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի զարգացման ծրագիր


Մշակվում է Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի զարգացման ծրագիր

  • 01-12-2010 22:45:39   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ազգային մրցունակության հիմնադրամի առաջնային գործունեությունն ուղղված է Հայաստանի զբոսաշրջային առանցքների զարգացման ռազմավարության մշակմանը, մասնավորապես, սկսվել են հարավային առանցքի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները։ «Հայելի» ակումբում լրագրողների հետ դեկտեմբերի 1-ի հանդիպմանը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջային ծրագրերի տնօրեն Սյուզաննա Ազոյանը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում բրիտանական «A.com» խորհրդատվական կազմակերպության հետ, որը ծրագիր է մշակում, թե ինչպիսի զարգացում կարելի է ունենալ հարավային առանցքում։ Ծրագիրը մեծամասամբ վերաբերելու է ենթակառուցվածքների զարգացմանը։ Ս.Ազոյանը պարզաբանեց, որ հարավային առանցքը սկսվում է Նորավանքից, շարունակվում քարանձավներով, ներառում Ջերմուկը, Քարահունջն ու Տաթեւը։ Ս.Ազոյանն ընդգծեց, որ հարավային առանցքի հիմնաքարը Տաթեւի համալիրն է, որի վերանորոգման աշխատանքները սկսվելու են 2011թ. գարնանը։ Բացի այդ, զուգահեռաբար սկսվելու են իրականացվել զբոսաշրջությանն առնչվող բոլոր ծրագրերը. «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի զբոսաշրջիկը հարավում մնա ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր»,- ասաց Ս.Ազոյանը։ «ՏաԹեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանն իր հերթին ընդգծեց, որ հարավային առանցքում զբոսաշրջության զարգացման գործում իր առաքելությունն է իրականացնում հոկտեմբերի 23-ից շահագործման հանձնված աշխարհի ամենաերկար Տաթեւ-Հալիձոր հետադարձելի ճոպանուղին։ 40 օրվա ընթացքում ճոպանուղին ունեցել է շուրջ 7000 ուղեւոր, որոնցից 1500-ը հարակից համայնքների բնակիչներ են, ուղեւորների մեծ մասը զբոսաշրջիկներ են Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից։։ Համեմատության համար նշվեց, որ 2009թ. ընթացքում Տաթեւ այցելել են 3000 զբոսաշրջիկներ։ Ճոպանուղու կառավարիչը միաժամանակ նշեց, որ Տաթեւում զբոսաշրջության զարգացումը, այդուհանդերձ, մեծապես կախված է Երեւան-Գորիս ավտոմայրուղու վիճակից՝ եղանակային պայմանների պատճառով ձմռան որոշակի ժամանակահատվածում ճանապարհները փակ կամ դժվարանցանելի են լինում։ Տ.Ղազարյանը նշեց նաեւ, որ ճոպանուղին աշխատում է ամեն օր՝ առավոտյան 9.30-18.30 կամ մինչեւ 19.00։ Նա պարզաբանեց, որ ճոպանուղու շահագործումը ինքնաթիռների ու ուղղաթիռների նման մեծապես կախված է եղանակային պայմաններից՝ տեսանելիությունից, քամու արագությունից։ Ճոպանուղում տեղակայված զգայուն էլեկտրոնային սարքերի պատճառով եղանակային որոշակի պայմանների դեպքում տեղի են ունենում վթարային արգելակումներ, որի ավարտին համակարգը շարունակում է անվտանգ շահագործումը։ Տիգրան Ղազարյանը հաստատեց, որ եղել է դեպք, երբ ճոպանուղու վագոնը օդում է մնացել 40 րոպե՝ ուղեւորափոխադրման անվտանգ զգայուն համակարգի առկայության պատճառով։ Ճոպանուղու կառավարիչը հայտնեց նաեւ, որ զգայուն ամառային ռեժիմի համակարգը փոխարինվել է նույնքան զգայուն ձմեռային ռեժիմի համակարգով։
Նոյյան տապան  -   Հասարակություն