Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին<br />


Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին

  • 01-12-2010 16:26:00   | Թուրքիա  |  Հասարակություն
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի գլխավորությամբ, նոյեմբերի 24-27-ին Ստամբուլում մասնակցել է Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին: ԻՆչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, համաժողովի քննարկման ենթակա թեմաներն են եղել արդարադատության մոդերնիզացումը երրորդ հազարամյակում, արդարադատության թափանցիկությունն ու արդյունավետությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Էրոլ Ասլան Սեբեցին իր ելույթում կարեւորել է համաժողովի քննարկման թեմաները: Ըստ նրա, տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող է կասկածի տակ դնել մասնավոր կյանքը եւ տեղեկատվության անձեռնմխելիությունը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը մատնանշել է ԵԽ անդամ երկրների դատարաններում առկա երկու խնդիր. առաջինը այն, որ դատաքննության ժամկետները չափազանց երկար են, եւ երկրորդը, որ դատական որոշումները ոչ միշտ է, որ արդյունավետ կատարվում են: Թ.Համմարբերգը ողջունելի է համարել ԵԽ անդամ երկրներում քրեակատարողական համակարգերի անցումը արդարադատության նախարարություններին: խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահ Մաուրո Պալմանը նշել է, որ բանտերի ծանրաբեռնվածությունը խնդիր է, որը ԵԽ-ն դեռ չի հաղթահարել: Պետք է միջոցներ ձեռնարկել կրճատելու կալանավորման ժամկետները, ինչպես նաեւ կալանավորում խափանման միջոցը պետք է կիրառվի հազվադեպ եւ միայն որպես բացառություն: Նա նշել է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկների թվի ավելացումը չի կարող համարվել բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման արդյունավետ միջոց: Ըստ նրա, պետք է, նախ եւ առաջ, վեր հանել եւ վերացնել ազատազրկված անձանց թվի ավելացմանը նպաստող գործոնները: Ադրբեջանի արդարադատության նախարարը, նույնպես մատնանշելով բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը, հայտնել է, որ նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, մասնավորապես շրջաններում, որպեսզի կրճատվեն դատապարտյալների փոխադրման հետ կապված ծախսերը: Որպես օրինակ է բերվել նաեւ Նախիջեւանում քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտությունը, որը, ըստ նախարարի, պայմանավորված է հարեւան երկրի կողմից ագրեսիայի պատճառով Նախիջեւանի հետ պատշաճ կապ ապահովելու անհնարինությամբ, եւ որ հարեւան երկիրը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հակադարձելով Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին, Ն.Առուստամյանը կոչ է արել չշեղվել կոնֆերանսի թեմաներից եւ նման ֆորմատի միջոցառումները չօգտագործել քաղաքական հայտարարություններ կամ ակնարկներ կատարելու համար, քանի որ երկրի անվտանգության ապահովման նպատակին ծառայող գոտիները որպես օկուպացիոն տարածքներ հայտարարելու հարցերը պետք է քննարկել համապատասխան ֆորմատով` հավատարիմ մնալով ազգային ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին: Բացի դա, նման հայտարարություններ անելու համար չկան իրավական որեւէ հիմնավորումներ :
Նոյյան տապան  -   Հասարակություն