«Չե՛ք անցկացնի»-ն երեք հայցով դիմելու է դատարան` ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու պահանջով (տեսանյութ)


«Չե՛ք անցկացնի»-ն երեք հայցով դիմելու է դատարան` ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու պահանջով (տեսանյութ)

  • 06-10-2015 18:26:41   | Հայաստան  |  Հասարակություն



«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը երեք հայցով դիմելու է դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել հոկտեմբերի 5-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի կերպով իրենց խաղաղ ցույցին միջամտելու, 21 քաղաքացիների ձերբակալելու և բաժիներ տանելու, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարելու համար:
 
Ինչպես հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, «Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները և կոչ է անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին ու դեսպանատներին աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած ապօրինի գործողություններին ու համարժեքորեն արձագանքել դրանց՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով:
Ըստ նրա` Վենետիկի հանձնաժողովի պնդմամբ`  սահմանադրական փոփոխություններ կարելի է անցկացնել մի երկրում, որտեղ գոյություն ունի լայն քաղաքական եւ հասարակական փոխզիջում, մինչդեռ  Ա. Մուսախանյանի կարծիքով`  թե Գյումրիում, թե  Ազատության հրապարակում եւ թե հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքներով նախաձեռնությունը ցույց է տվել, որ Հայաստանում գոյություն չունի լայն քաղաքական եւ հասարակական փոխզիջում: 
«Սա ենթադրում է, որ  Սերժ Սարգսյանը չպետք է ստորագրի հանրաքվեի մասին որոշումը»,- ասաց նա` հավելելով, որ քաջ գիտակցում են`  Ս. Սարգսյանը կստորագրի և կնշանակի հանրաքվե:
Ա. Մուսախանյանի պնդմամբ` նման պարագայում շատ կարևոր է հանրային մոբիլիզացումը, որի պարագայում միայն հնարավոր կլինի կասեցնել հանրաքվեի գործընթացը:
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժման մեկ այլ անդամ Հրայր Մանուկյանի փոխանցմամբ` իրենք շարունակելու են «Ոչ»-ի պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցվի հանրաքվեի գործընթացը: 
Նրա տեղեկացմամբ`  նախաձեռնությունը հանրահավաքներ և իրազեկման ակցիաներ  է իրականացնելու նաեւ  մարզերում. «Մեր նպատակը լայն մոբիլիզացիա ապահովելն է, այսինքն՝ փորձելու ենք, որ առաջիկա հանրահավաքները լինեն շատ ավելի բազմամարդ եւ շատ ավելի ազդեցիկ, եւ վստահ ենք, որ հենց այդպես էլ լինելու է»: 
Հ. Մանուկյանի կարծիքով` սա վերջին տեսանելի հնարավորությունն է Հայաստանում էական փոփոխությունների հասնելու  եւ սահմանադրական կարգ հաստատելու համար: 
Արշակ Մուսախանյանի տեղեկացմամբ` «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ին նշանակելու է հանրահավաք, հետևաբար այս մեկ ամսվա ընթացքում անելու են ամեն ինչ, որպեսզի նախատեսված հանրահավաքի օրը Ազատության հրապարակը հնարավորինս բազմամարդ լինի: 
«Հոկտեմբերի 30-ին քաղաքացին մեզնից կիմանա մեր հետագա ծրագրերը կոնկրետ հանրաքվեի մասով»,- ընդգծեց Ա. Մուսախանյանը և հավելեց, որ այդ օրը քաղաքացիներին նաև կիրազեկեն տեղամասեր գնալու և քվեարկություն իրականացնելու հետ կապված գործողությունների մասին: 
Նա չբացառեց, որ հոկտեմբերի 30-ին իրենց հետ միասին քաղաքացիներին կոչերով հնարավոր է դիմեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն