«ՀԱՅ ՖԵՍՏ» 13-րդն ընդլայնել է օտարերկրյա մասնակիցների շրջանակը


«ՀԱՅ ՖԵՍՏ» 13-րդն ընդլայնել է օտարերկրյա մասնակիցների շրջանակը

  • 06-10-2015 16:39:12   | Հայաստան  |  Մշակույթ

«Հայ Ֆեստ» միջազգային 13-րդ թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում են գտնվում ԱՄՆ-ից ժամանած «Ջուս Քինգ» պարային խմբի անդամները, Իտալիայից` կոմպոզիտոր Պիերո Գեյմոնատը և երաժիշտ Նիկոլա Արատան, Իսրայելից` ռեժիսոր Գաբրիել Նեուհաուսը, Ռուսաստանից` ռեժիսոր Ալեքսեյ Բաղդասարովը: 
Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Ջուս Քինգ» պարային խմբի ղեկավար Ջոյս Քինգը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում «Հայ Ֆեստ»-ին և շատ ուրախ է ներկա գտնվել նման մշակութային միջոցառման: 
 
Նրա տեղեկացմամբ` իր ղեկավարած պարային խումբը  Հայաստանում հանդես է եկել «Լիսըն» ներկայացմամբ, որն արտացոլում է կյանքը տակնուվրա անող մի իրադարձություն, ինչպիսին է Սենդի Հուք տարրական դպրոցի հրաձգությունը և այդ իրադարձության հետևանքները, որոնք մշտապես կմնան մարդկանց հիշողություններում:
Իտալիայից Հայաստան ժամանած «Արարատ» համույթի երաժիշտ Նիկոլա Արատայի փոխանցմամբ` իրենց ներկայացումը բաղկացած է լինելու երկու մասից. առաջին մասում ներկայացվելու է հատուկ «Հայ Ֆեստի» համար գրված ստեղծագործությունը, որը կոչվում է «Երևանյան Շարանվագ», երկրորդ մասում ներկայացման միջոցով ցուցադրվելու է իտալական և հայկական մշակույթների միաձուլումից ստացված համերգ-ներկայացում:
«Սկզբում լսել ենք հայկական ավանդական երգեր, ապա նաև Հայաստանի, Արարատ լեռան մասին պատմություններ ենք ուսումնասիրել, արդյունքում ծնվեց ներկայացումը, որը բաղկացած է երեք գլուխներից` Գեղարդ, Գառնի, Խոր Վիրապ և Արագած անվանումներով: 
«Հայ Ֆեստի» շրջանակներում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Լավաշ» ներկայացումով է հանդես եկել «Գաբրիելլա Նյուհաուս» թատրոնը  «ՄԻՀՐ» թատրոնի հետ համատեղ:
Ըստ «Լավաշ»  ներկայացման ռեժիսոր Գաբրիել Նեուհաուսի` ներկայացման հիմքում ընկած է հայկական ազգային հացի` լավաշի պատրաստման ձևը. «Ես ներկայացնում եմ Իսրայելը և անհատ դերասանուհի եմ:  Քանի որ հաց օգտագործում են բոլոր ազգերը, բայց հայերի համար դա առանձնահատուկ գործընթաց է, ուստի որոշեցի հենց դա ներկայացնել»,- ասաց Գ. Նեուհաուսը:
Իսկ հայազգի ռեժիսոր  Ալեքսեյ Բաղդասարովի տեղեկացմամբ` «Հայ Ֆեստ»-ին ներկայանալու է «Այո, ես ուզում եմ» ներկայացումով, որը հիմնված է Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի վերջին գլխի վրա: 
Ներկայացման գլխավոր հերոսուհին կինն է, ով պատմում է իր տղամարդկանց, կորուստների, կյանքի տխուր ու դժվար պահերի, նաև առանց սիրո ապրելու ընտրության մասին:
Նրա փոխանցմամբ` ինքը երրորդ անգամ է մասնակցում «Հայ Ֆեստին» և ամեն անգամ մեծ սիրով ու ուրախությամբ է գալիս Հայաստան, քանի որ այն իր հայրենիքն է` չնայած որ այստեղ չի ծնվել:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play