ՀՀ ԳԱԱ-ում նշվել է Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման 80-ամյա հոբելյանը


ՀՀ ԳԱԱ-ում նշվել է Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման 80-ամյա հոբելյանը

  • 06-10-2015 15:04:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց ՀՀ ԳԱԱ Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման  80-ամյա հոբելյանը: Հոբելյանական նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ-ի Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Շնորհավորական ելույթով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա մասնավորապես ասաց. «Բուսաբանությանության ինստիտուտը եւ Բուսաբանական այգին մեր ակադեմիայի հնագույն կազմակերպություններից է, որն անցած 80 տարիների ընթացքում ծառայել է մեր գիտությանը, մեր երկրի բուսական աշխարհի ուսումնասիրություններին, բնապահպանական տարբեր խնդիրների լուծմանը: Բուսաբանական այգին եւ Բուսաբանության ինստիտուտը միասին լինելը շատ լավ է, շատ պատվաբեր է, բայց մյուս կողմից դա դժվարությունների աղբյուր է, որովհետեւ Բուսաբանական այգին` ինքը, առանձին պահանջում է մեծ աշխատանք, մեծ ներդրումներ, մեծ ուշադրություն: Ցավոք սրտի, այդ ասպարեզում մենք ունենք բավականին դժվարություններ: Պիտի ասեմ, որ վերջերս ՀՀ կառավարությունն անդրադարձել է այս հարցին, եւ  սպասում ենք որոշակի որոշումների, որոնք պիտի նպաստեն եւ Բուսաբանական այգու, եւ ինստիտուտի գործունեությանը»: 
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Ուղերձում մասնավորապես նշված է.  «ՀՀ  բնապահպանության նախարարության եւ անձամբ իմ անունից ողջունում եմ Երեւանի բուսաբնական այգու ողջ կոլեկտիվին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Իր  գոյության 80 տարիների ընթացքում Բուսաբանական այգում ստեղծված հարուստ եւ բազմազան բուսական հավաքածուները ծառայել են որպես ուսումնական բազա  հանրապետության կրթական հաստատությունների, մասնագետների եւ մեզ` բոլորիս համար: Այգին յուրահատուկ ռեկրեցիոն օջախ է հանդիսանում մայրաքաղաքի, ինչու չէ նաեւ հանրապետության բնակչության համար: Այստեղ ներառված մի շարք հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բուսատեսակների  հավաքածուից 38-ը ներառվել են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի նոր հրատարակության մեջ: …»:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, Հայաստանի ագրարային համալսարանի գիտության դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, Կուբանի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Լիտվինսկայան, Դաղստանի լեռնային բուսաբանական այգու ներկայացուցիչ Զարիար Գուսեինովա Զիյարատը:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով  Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար եւ Երեւանի Բուսաբանական այգու հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալ շնորհվեց ՀՀ ԳԱԱ-ի Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Հրանտի Օգանեզովային: ՀՀ բնապահպանության նախարարի անունից պատվոգրեր հանձնվեցին` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարինե Հովհաննիսյանին,  ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության եւ էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշին, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գեորգիի Գաբրիելյանին: 
Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներին պարգեւատրեց նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: ՀՀ ԳԱԱ վաստակագիր շնորհվեց  ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող Մարինե Էդգարի Հովհաննիսյանը: ՀՀ ԳԱԱ պատվոգրեր շնորհվեցին Բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող կենսաբանական գիտությունների դոկտոր Ալլա Հայրապետյանին, Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ Անուշ Ներսեսյանին եւ Աննա Ասատրյանին: ՀՀ ԳԱԱ գովեստագրերով պարգեւատրվեցին` Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ Նազիկ Ալեքսանյանը, Լորա Մարտիրոսյանը, Արաքսյա Էլբակյանը, Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մերինե Սարգսյանը, գիտաշխատող Գայանե Գատրչյանը:
Հոբելյանական միջոցառմանը հաջորդեց «Բուսաբանական գիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովը, որը նույնպես նվիրված է ՀՀ ԳԱԱ Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման  80-ամյա հոբելյանին:  Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ Ավստրիայից, Աբխազիայից,  Բոսնիա և Հերցեգովինայից,  Բելառուսից, Խորվաթիայից, Ղազախստանից և Ռուսատանի տարբեր շրջաններից: Գիտաժողովի աշխատանքները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն