ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է Արագածոտնի մարզ


ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

  • 06-10-2015 16:16:11   | Աֆղանստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն  աշխատանքային այցով մեկնեց Արագածոտնի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ կառավարության թիվ 766 որոշմամբ նախատեսված հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Շրջայցի ընթացքում, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ, նախարարը ծանոթացավ Կարբիի ճանապարհի հիմնանորոգման, Արտաշավանի  մշակույթի տան վերանորոգման, Քուչակի սպորտային դահլիճի նորոգման, Օշականի փողոցային լուսավորության շինարարության աշխատանքների ընթացքին: Նախարարն այցելեց նաև Ագարակի բուժամբուլատորիա, Ապարանի Արվեստի դպրոց, ինչպես նաև ծանոթացավ Ապարանի թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման արդյունքներին:
 
Կարբի գյուղի ճանապարհի վերանորոգումը մեծ նշանակություն ունի գյուղի զարգացման համար, այն միացնում է գյուղի գլխավոր թաղամասը պետական մայրուղու հետ` ապահովելով գյուղի կենսունակությունը: Արտաշավանում նախարարն այցելեց հիմնանորոգվող մշակույթի տունը: Նախկինում մշակույթի տուն չունեցող Արտաշավանի համար սա մեծ հնարավորություն է` զարկ տալու գյուղի մշակութային առօրյայի զարգացմանը. գյուղապետարանը, մասնավորապես նախատեսում է մշակույթի տանը երեխաների համար նկարչական խմբակ հիմնել։ 
 
ՏԿԱԻ նախարարի հաջորդ կայանը Քուչակ գյուղի մարզադահլիճն էր, որի հատակը հիմնովին վերանորոգվել և հարմարեցվել է տարբեր սպորտաձևերում մարզումներ իրականացնելու համար։ Քուչակի մարզադահլիճում մարզվում է շուրջ 120 երիտասարդ մարզիկ, որոնցից շատերը մեծ հաջողությունների են հասել տարբեր մարզաձևերում։ Շնորհակալություն հայտնելով գյուղի բարեկարգմանն ուղղված ծրագրերի իրականացման համար` Քուչակի գյուղապետ Հովհաննես Ամիրյանը նախարար Երիցյանին խնդրեց աջակցել նաև մարզադահլիճի համար մարզասարքեր ձեռքբերելու հարցում։ Նախարարը գյուղապետին խոստացավ հարցը քննարկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ։ 
 
Արագածոտնի մարզի Ապարան գյուղում մարզպետ Ս. Սահակյանը ՏԿԱԻ նախարարին ներկայացրեց թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման արդյունքները, ինչից հետո, նախարար Երիցյանն այցելեց Ապարան համայնքի Արվեստի դպրոց, որտեղ ծանոթացավ դպրոցի սաների աշխատանքներին։ 
 
Օշական համայնքում Արմեն Երիցյանը ծանոթացավ համայնքի լուսավորության ապահովման համար իրականացվող աշխատանքներին։ Օշականի համար նախատեսվում է շուրջ 2,5 կմ լուսավորություն, ինչն անհրաժեշտ էր Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրը հանդիսացող գյուղին` տեղի զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ 
ՏԿԱԻ նախարարի Արագածոտնի մարզ այցելության վերջին կայանը Ագարակի բուժամբուլատորիան էր, որտեղ մարզպետը նախարարին ներկայացրեց ամբուլատորիայի վերանորոգման արդյունքները և ընթացիկ խնդիրները։
 
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով` կատարված աշխատանքների վերաբերյալ` նախարար Երիցյանը նշեց, որ Կառավարությունում քննարկման կներկայացնի նաև մարզի առկա ընթացիկ խնդիրները` դրանց փուլ առ փուլ լուծում տալու նպատակով։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն