Հանդիպում Ազգային ժողովում


Հանդիպում Ազգային ժողովում

  • 06-10-2015 16:22:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
1 / 3

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան- Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ բարեկամական խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Մաթիաս Ցիմերի, Ալբերտ Վայլերի եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ:

Ողջունելով գերմանացի գործընկերների այցը Ազգային Ժողով՝ Արտակ Դավթյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, միջխորհրդարանական կապերը եւ կավելանան փոխադարձ այցերը:

Անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը` Արտակ Դավթյանը նշել է, որ հայ երիտասարդները մասնակցում են գերմանական կրթական ծրագրերին:

Արտակ Դավթյանը բարձր է գնահատել նաեւ Գերմանիայի քաղաքական գործիչների ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման միջոցառումներին:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ տարիների ընթացքում ձեւավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնք հատկապես սերտ են խորհրդարանական համագործակցության ոլորտում:

Նա նշել է, որ ՀՀ Սահմանադրության բարեփոխումը մեծ խնդիր է խորհրդարանի, կառավարության եւ ժողովրդի համար եւ հույս հայտնել, որ խորհրդարանական մոդելին անցումը ՀՀ-ին կօգնի ստեղծել առավել բարեկեցիկ ապագա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանադրական բարոփոխումների նախագծին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր :

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն