Ռոբերտ Մ. Մորգենթաուի ելույթը Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կազմակերպած ընդունելության արարողությանը


Ռոբերտ Մ. Մորգենթաուի ելույթը Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կազմակերպած ընդունելության արարողությանը

  • 06-10-2015 17:25:41   | ԱՄՆ  |  Քաղաքական
Ռոբերտ Մ. Մորգենթաուի ելույթը Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կազմակերպած ընդունելության արարողությանը,
 
     Նախագահ Սարգսյան, Կոնգրեսի անդամներ, Գերաշնորհ սրբազան հայրեր, հիմնադրամի խորհրդի անդամներ և ընկերներ
 
     Ինձ համար շատ ավելի մեծ պատիվ է, քան  կարող եմ արտահայտել, իմ պապի անունից ընդունելու Վալլենբերգի անվան մեդալը: Ռաուլ Վալլենբերգի ժառանգությունը շատ անձնական արժեք ունի իմ ընտանիքի համար: Հայրս, Հենրի Մորգենթաու կրտսերը, Հոլոքոստի ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարն էր: Այն ժամանակ, երբ մոտ 12.000 Հունգարիայի հրեաներ ամեն օր աքսորվում էին հստակ մահվանն ընդառաջ, նա հիմնեց Պատերազմի փախստականների խորհուրդը` վերաբնակեցնելու փախստականներին և  փրկելու նրանց կյանքը: Ռաուլ Վալլենբերգն էր, ով ի վերջո տնօրինեց խորհուրդը, և վերջինիս քաջության ու անխոնջ ջանքերի շնորհիվ էր, որ 200.000 կյանք փրկվեց, և այն որպես մարդասիրական անձնազոհության օրինակ ծառայեց, և որի կարիքն աշխարհն այսօր այնքան ունի:
 
     Ինձ համար նաև պատիվ է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ իմ պապին հաճելի կլիներ իմանալ, որ մի օր իր թոռն ամբիոն կկիսի անկախ և  ազատ Հայաստանի նախագահի հետ:
 
     Այս տարի, հայոց ցեղասպանության հարյուրամյակին,  հայերի սպանդի և  տեղահանության, ինչպես նաև սպանությունները դադարեցնելու իմ պապի մարդասիրական ջանքերի իրազեկման գործընթացն աննախադեպ մակարդակի է հասել:  Ոչ այնքան հայտնի փաստ է, սակայն հավասարապես կարևորվում էր իմ պապի կողմից հայ ժողովրդի ինքնորոշման պայքարում վերջինիս դավաճանելու տխուր պատմությունը: 
 
     Իրենց ողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչ բանակների տիրապետությունը դիմակայելիս: Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և  իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը. թվարկածներից  յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և  չէր պատրաստվում  հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից:  Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության:
 
        Ի պատասխան, նախագահ Վուդրո Վիլսոնը հաստատակամորեն  նվիրվեց Միացյալ Նահանգների` Հայկական պետության ստեղծման քաղաքականությունը:  Սա  սկիզբ առավ նրա Տասնչորս կետերից,  որոնցից մեկն էլ եղել է նախկին Օսմանյան կայսրության տարածքում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նախագահը հանձնաժողով նշանակեց` Քինգ-Քրեյնի  հանձնաժողովը` այս հիմնարար սկզբունքի դրսևորմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով հանդես գալու նպատակով:
 
    1919 թվականի օգոստոսին հանձնաժողովը եզրակացրեց, որ հայերը պետք է բնակվեն հայրենիքում, որ վերականգնվել էր 1894 –ից 1916 թվականներիին Օսմանյան թուրքերի ձեռքերով պարբերաբար իրականացրած վայրագություններից կրած կորուստներից: Հայկական պետությունը պետք է ընդգրկեր Թուրքիայի  և Ռուսաստանի տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհը և ելք ունենար դեպի Սև  ծով:
 
    1920 թվականի օգոստոսին Արևմտյան տերությունների և  Օսմանյան կայսրության միջև  ստորագրվեց Սևրի պայմանագիրը: Այն ևս հաստատեց  Հայկական պետության սկզբունքը, թեև  պետության տարածքը Վուդրո Վիլսոնի նախատեսած չափերից նվազել էր:   
   Բայց պայմանագրի թանաքը դեռ չչորացած` նոր թուրքական պետությունը հարձակվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության վրա և  գրավեց նրա  տարածքների մի մասը: Շուտով Խորհրդային Միությունը գրավեց մնացած մասը: Այս հողերի զավթումը, այն էլ հայերի  ցեղասպանությունից անմիջապես հետո, աշխարհի խղճի համար մարտահրավեր էր հանդիսանում, հատկապես, երբ գերմանական պարբերականը հրապարակեց տխրահռչակ Էնվեր փաշայի դիտողություն. «Ի՞նչ եք կարծում ... մենք նրանց պարզապես հաճույքի համար է՞ինք կոտորում»:
      Համաշխարհային հանրության պատասխանն այս ճգնաժամի ոչ պակաս ամոթալի է: Ազգերի լիգան կապիտուլյացիայի էր ենթարկվել: Շուտով ի հայտ եկավ մի նոր պայմանագիր` Լոզանի պայմանագիրը, որում ոչ մի հիշատակում չկար Հայկական պետության մասին: 
     Սրանով է բացատրվում, թե ինչու ութսուն տարի հայերը տառապել են խորհրդային ճնշման ներքո: Դա է պատճառը, որ  ութսուն տարիների ընթացքում հայ ժողովուրդը, ով հպարտանում է աշխարհում առաջին քրիստոնյա ազգ լինելով, եղել է աթեիստական բռնապետության իշխանության ներքո:
 
     Այսօր, իհարկե, Խորհրդային Միությունը այլևս գոյություն չունի և  Հայաստանը անկախ հանրապետություն է:  Եվ դեռևս հայերը և  ամբողջ աշխարհում նրանց աջակիցները այս տարի երթով շարժվեցին հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման, և դա արեցին կրկնակի արտահայտությամբ: «Հիշում եմ ... և  պահանջում»:
 
     Ես ուրիշներին եմ թողնում, որ լուծեն չափազանց բարդ խնդիրը, թե ինչպես պետք է ճիշտ վարվել պատմության անարդարությունների հետ: Բայց եկեք սկսենք ուղղակիորեն դիմակայելով այդ պատմությանը:
 
     Ցեղասպանության ժամանակ իմ պապն անձամբ ականատես է եղել, թե ինչ է տեղի ունենում, երբ աշխարհի խիղճը տեղի է տալիս զգուշավորությանը: Նա ընկճված էր այն իրողությունից, որը նա հայտնի կերպով անվանել է ազգի ոչնչացման արշավ:  Իսկ այդ ողբերգությունից հետո, նույնիսկ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո, անգամ երբ լիովին նվիրված էր հայ փախստականների վերաբնակեցմանը,  նրա ամենամեծ և տանջալից հիասթափությունն այն էր, որ նա չապրեց` տեսնելու անկախ Հայաստանի վերահաստատումը:
 
    Այլ առիթներով ես ասել եմ, որ պետական կառույցներում պաշտոնավարման ընթաացքում իմ կյանքի հիմնականում քաջալարող սկզբունքները նրանք են, որոնք, իմ պապը Անատոլիայում իր ծառայությունից էր իր հետ բերել: Ես գնահատում եմ դրանք բոլորն անխտիր:  Այդ արժեքների թվում են բոլոր այն ազատությունները, որոնք հետագայում պետք է ընդգրկվեին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Սակայն կա ևս մեկ արժեք, որը նա պատգամեց մեզ. մեկը, որ կյանք է տալիս մնացած բոլորին. հանձնառություն, որ արդարությանը վերաբերող հարցերում, մենք երբեք չպետք է ընկրկենք: 
 
    Իմ պապի անունից, շնորհակալ եմ ձեզ այս մեծ պատվի համար:
 
Վաշինգտոն
30 սեպտեմբերի, 2015 թ.
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական