«Մենք շատ լավ հասկանում ենք «հանկարծ բան չփոխեք» դիրքերից հանդես եկող գործիչներին». Կարեն Ավագյան


«Մենք շատ լավ հասկանում ենք «հանկարծ բան չփոխեք» դիրքերից հանդես եկող գործիչներին». Կարեն Ավագյան

  • 06-10-2015 17:47:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
 
Քվեարկության արդյունքները տպավորիչ են. թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իսկապես կա կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Խորհրդարանականների կամարտահայտումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են այս փոփոխությունները։ Ու պատահական չէ այս կոնսոլիդացիան, քանի որ փոփոխությունների նախագիծը մինչև խորհրդարանում ընդունվելն անցել է շատ լուրջ ճանապարհ՝ հանրային քննարկումներ, խորհրդակցություններ հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, ստացված առաջարկներ, փոփոխություններ՝ պատգամավորների և խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա։ 
Նախագիծը դրական եզրակացության և բարձր գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ 
ԱԺ պատգամավորների մոտ 80 տոկոսի դրական կարծիքը խոսուն թիվ է։ Քվեարկությունը ներկայացուցչական է նաև հասարակական կարծիքի տեսանկյունից։ Համոզված ենք՝ հանրաքվեի արդյունքները նույնպես համարժեք են լինելու։ Ու չեմ կարծում, թե այս ֆոնին արդարացված են տարբեր խմբակների հայտարարությունները հանրության անունից։ Այդ ուժերը նախ պետք է կարողանան համախմբվել իրենք իրենց շուրջ, նոր միայն հանդես գան ժողովրդի անունից։ Պետք չէ կուրծք ծեծել, հավատացնել, թե գիշերը չեն քնում, պայքարում են ժողովրդի համար։ Ժողովուրդը բնազդով զգում է բոլորին, տարբերում իրականն ու ֆեյքը։ 
Ժողովուրդը ցանկանում է մեկ բան՝ փոփոխություն և կայուն զարգացում։ Իսկ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը ապահովում է կայուն զարգացումը։ 
Մենք շատ լավ հասկանում ենք «հանկարծ բան չփոխեք» դիրքերից հանդես եկող գործիչներին, հասկանում ենք, բայց համաձայն չենք նրանց հետ: Մենք գնալու ենք փոփոխությունների ճանապարհով հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն ժամանակակից, ավելի ժողովրդավարական և զարգացող հայրենիքի: Այս գործընթացի մաս կազմելը պատիվ է: Վստահ եմ՝ շուտով կլինի նաև ծայրահեղ մոդայիկ, որովհետև առաջադիմական գործընթացի մաս լինել նշանակում է ժամանակակից և ճկուն լինել:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամի
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն