Ազատ է արձակվել Սդղի գյոլի գործով երկրորդ մեղադրյալը
06-10-2015 18:02:17 | Հայաստան | Իրավունք
Սդղի գյոլի գործով մեկ այլ մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, եւս ազատ է արձակվել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց, որ երեկ գործով քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դերենիկ Ղեւոնդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ավելի ուշ պաշտպանական կողմը միջնորդել է Ղեւոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ դատարանը բավարարել է:
Եվ այսպես ազատ արձակվեց արդեն Սդղի գյոլի գործով երկրորդ մեղադրյալը:
Դերենիկ Ղեւոնդյանը կալանքի տակ էր գտնվում հունիսի 12-ից: Նրան մեղադրանք էր առաջադրվել Զաքարյան եղբայրներից Մուշեղ Զաքարյանին միջին ծանրության վնաս պատճառելու համար (քթի կոտրվածք):
Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը մեզ փոխանցեց, որ գործով քննիչը նոր միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ խնդրելով դատարանի որոշման դեմ ներկայացնել վերքննիչ բողոք:
Ավելի վաղ ազատ էր արձակվել Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Տիգրան Խաչատրյանի փաստաբանը հայտարարել էր նաեւ, որ քրեական հետապնդումը դադարեցված է, ինչը նշանակում է, որ Տիգրան Խաչատրյանն այլեւս Սդղի գյոլի գործով կարգավիճակ չունի: