ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը


ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

  • 06-10-2015 18:19:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների շրջանակում այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած` «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը եւ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:

Ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը  թե´ 100-րդ տարելիցին  նվիրված միջոցառումների կազմակերպման  եւ թե´ ցեղասպանության թեմայի իրազեկման գործում, այս համատեքստում ընդգծելով  Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը եւ նրա հետեւողական հասարակական գործունեության կարեւորությունը:

Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Ղարաբաղի խնդիրը նույնպես ցեղասպանության արդյունք է. թուրքական ոճրագործության ու ագրեսիայի  հետեւանքով թուլացած Հայաստանն ի վիճակի չէր պայքարելու Ղարաբաղի համար: «Այսօրվա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության պատասխանն է թուրք-ադրբեջանական նկրտումներին» - նշել է խորհրդարանի նախագահը:

Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը»  մենագրության ստեղծման նախապատմությունը եւ աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է  հայ-­թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից:   Այս առումով հեղինակը կարեւորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով  յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի  զարգացման գործում:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

Այնուհետեւ Հայկ Դեմոյանը միջոցառման մասնակիցներին  է ներկայացրել  արտասահմանյան մամուլի առաջին էջերին Հայոց ցեղասպանությունը պատկերող պաստառները եւ հանգամանալից բացատրել բովանդակությունը: 

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, ԱրՊՀ պրոֆեսորա-դասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչներ:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play