Սահմանամերձ համայնքների 176 առաջին կուրսեցիներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում


Սահմանամերձ համայնքների 176 առաջին կուրսեցիներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում

  • 07-10-2015 14:19:45   | Գեղարքունինքի մարզ  |  Բարեգործություն

Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 33 համայնքների 176 ուսանող հոկտեմբերի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Նշենք, որ փոխհատուցում ստացել են պետական, ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողները։ 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամն այս նախաձեռնությամբ ցույց է տալիս իր վերաբերմունքը սահմանամերձ համայնքներին։ Նա ավելացրեց, որ սահմանամերձ համայնքների երիտասարդների համար, ուսման վարձերից բացի, հիմնադրամի կողմից իրականացվում են նաև այլ միջոցառումներ։ «Ծրագրերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը կա։ Մենք մեր միջոցները չենք խնայելու սահմանապահ համայնքների ուսանողների սոցիալական խնդիրը մեղմելու համար»,- ասաց Կարեն Ավագյանը։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև իր միջոցներով։ 176 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման գումարն ընդհանուր առմամբ կազմել է 38 միլիոն 71 հազար դրամ։
Սահմանամերձ համայնքների ուսանողներին հանդիպման ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նվիրեց նաև Արցախի ազգային վիճակախաղի 2-ական տոմս (վիճակախաղի նպատակը ԼՂՀ վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանն աջակցելն է)։ 
Վան Պողոսյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից է, սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Ասում է, որ իր համադասարանցիներից միայն ինքն է Երևանում սովորում, մյուները դիմել և ընդունվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ Վանը ասում է, որ ուսման վարձի փոխհատուցումը մեծ աջակցություն է իր և իր ընտանիքի համար։  
Նշենք, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն 2-րդ անգամ է իրականացնում սահմանամերձ համայնքների ուսանողների աջակցման ծրագիր։ 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում փոխհատուցվել է սահմապահ մի շարք համայնքների մոտ 140 ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ։ 
Հատկանշական է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջին անգամ է կրթաթոշակների փոխհատուցման իր ծրագրերում ընդգրկում նաև ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներին։ 
Ավելացնենք նաև, որ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում ուսման վարձի վճարման հարցում աջակցել է մոտ 4200 ուսանողի։ 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play