Մոսկվային հաջողվեց ամբարել Հայաստանի նոր ատոմակայանի ծրագիրը այն աստիճան, որ Երեւանը նույնիսկ պաշտոնապես է հրաժարվում դրանից. Մեկնաբան


Մոսկվային հաջողվեց ամբարել Հայաստանի նոր ատոմակայանի ծրագիրը այն աստիճան, որ Երեւանը նույնիսկ պաշտոնապես է հրաժարվում դրանից. Մեկնաբան

  • 07-10-2015 14:37:59   | Ռուսաստան  |  Հիշարժան տարեթվեր
 
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Հայաստանը առաջիկայում լուրջ աշխատանք չի կատարի նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ, այլ կաշխատի գործող ատոմակայանի աշխատանքը ավելի երկարաձգելու ուղղությամբ:

 

Զախարյանը նկատի ունի այն, որ Հայաստանը կփորձի գործող ատոմակայանի աշխատանքը երկարաձգել նաեւ 10 տարի հետո, քանի որ ներկայում արդեն իսկ Ռոսատոմի հետ սկսել է ատոմակայանի աշխատանքը 10 տարով երկարաձգելու աշխատանք: Զախարյանը Երեւանում ընդունել է Ռոսատոմի պատվիրակությանը՝ ղեկավար Կիրիենկոյի գլխավորությամբ:

 

Փաստացի, Հայաստանը չեղարկում է դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե սկսում է նոր ատոմակայանի շինարարության ծրագիր: Համենայն դեպս, Երվանդ Զախարյանի հայտարարությունը 2008 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությանը տրամագծորեն հակառակ բովանդակություն ունի եւ փաստացի նշանակում է, որ Հայաստանը դադարեցնում է աշխատանքը նոր ատոմակայանի շինարարության ուղղությամբ:

 

Միաժամանակ, Զախարյանի այդ հայտարարությունը ջուր է լցնում նաեւ մի քանի ամիս առաջ կառավարության կայացրած որոշումներից մեկի վրա, որ վերաբերում էր Ռուսաստանից գործող ատոմակայանի ժամկետի տասը տարի երկարաձգման համար 270 միլիոն դոլար վարկ եւ 30 միլիոն դոլար դրամաշնորհ վերցնելուն: Այդ որոշման մեջ կառավարությունն արձանագրում էր նոր ատոմակայանի շինարարությանն ուղղված ջանքը աշխուժացնելու անհրաժեշտությունը; Փաստորեն, Հայաստանի կառավարությունը ներկայում հայտարարում է իր իսկ որոշումից հետ կանգնելու մասին:

 

Երվանդ Զախարյանը պատճառաբանում է, որ նոր ատոմակայանի կառուցումը ունի մեծ ներդրումների կարիք, ինչը չկա: Միաժամանակ նա ասում է, որ նոր ատոմակայանը մեծ ներդրումների արդյունքում կունենա դրանք հետ բերելու խնդիր, որն էլ պետք է իրականացվի սակագնի հաշվարկման միջոցով, եւ դրա հետեւանքով ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի գինը կթանկանա:

 

Թե ինչ հաշվարկի հիման վրա է Զախարյանը դա ասում, պարզ չէ: Չէ՞ որ ներդրումների, հետգնման խնդրի, դրա լուծման, շահավետության եւ այլնի մասին շոշափելի խոսել հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ է որեւէ ֆինանսավորման պայման: Ամեն ինչ կախված է պայմանից: Չէ՞ որ տեսականում չի բացառվում, որ որեւէ գործընկեր պետություն կամ կազմակերպություն համաձայնի Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությունը ֆինանսավորել բավական արտոնյալ պայմանով:

 

Բայց գործնականում դա բացառվում է, քանի որ Հայաստանի ատոմային էներգետիկայի հանդեպ իր շեֆությունը հաստատել է Ռուսաստանը: Հետեւաբար, նման պայմաններում որեւէ մեկը միլիարդներ չի ներդնի Հայաստանի միջուկային էներգետիկայում, նոր ատոմակայան կառուցելու գործում:

 

Իսկ նոր ատոմակայանը կարեւոր հարց է, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ գուցե առաջին հերթին ռազմա-քաղաքական: Հետեւաբար այդ հարցում որեւէ սուբյեկտ Հայաստանի հետ կբանակցի եւ ներդրման հեռանկար կքննարկի միայն այն դեպքում, երբ Հայաստանն ունենա իր միջուկային ծրագիրն ինքնուրույն տնօրինելու քաղաքականություն: Դա չափազանց պարզ, միջպետական հարաբերություններում գրեթե աքսիոմատիկ իրողություն է:

 

Իսկ Ռուսաստանին Հայաստանում նոր ատոմակայան պետք չէ: Մի քանի պատճառով: Նախ, դա դուր չի գա Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ Մոսկվան ունի այդ երկրների հետ տնտեսական եւ քաղաքական մի շարք ծրագրեր, այդ թվում միջուկային էներգետիկայի ոլորտում: Բացի այդ, Հայաստանի նոր ատոմակայանը կնշանակի Հայաստանի էներգետիկայի նոր հեռանկար, որոշակի անկախություն: Ռուսաստանն ինքն իր ձեռքով չի կարող անկախացնել Հայաստանի էներգետիկան ռուսական էներգակիրներից: Գործող ատոմակայանի շահագործման երկարաձգումը առավելագույն փոխզիջումն է, որ կարող է անել Ռուսաստանը:

 

Բացի այդ, մի բան է նոր ատոմակայանը, մեկ այլ բան է պարբերաբար տեխնիկական միջամտության կարիք ունեցող հին ատոմակայանը: Դա Հայաստանի համար միշտ թարմ է պահում Ռուսաստանի տեխնոլոգիական պարբերական միջամտության կարիքը, այսինքն հին ատոմակայանը Հայաստանին ավելի կախված է պահում Ռուսաստանից, քան կլինի նորի դեպքում:

 

Եվ այդ ամենից բացի, Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում ավելի շատ սպառվի իր գազը, որը ծախսվում է նաեւ էներգաարտադրության համար: Եվ որքան Հայաստանի էներգետիկայում մեծ լինի գազով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը, այդքան ավելի լավ Մոսկվայի համար:

 

Այդպիսով, պետք է արձանագրել, որ Մոսկվային հաջողվեց ամբարել Հայաստանի նոր ատոմակայանի ծրագիրը, հաջողվեց այն աստիճան, որ Երեւանը նույնիսկ պաշտոնապես է հրաժարվում դրանից:

 

Սերժ Սարգսյանը 2008 թվականի հայտնի ելույթում, երբ հռչակեց խոշոր երեք նախագիծ, հայտարարելով, որ եկել է հավակնոտ ու խոշոր ծրագրերի ժամանակը, բացի նոր ատոմակայանից, նաեւ ազդարարեց Հայաստան-Իրան երկաթուղու եւ Համահայկական բանկի ծրագրերի մեկնարկը: Երկաթուղին դեռ թղթի վրա է, չկա առարկայացման որեւէ նախադրյալ, իսկ Համահայկական բանկը կա, բայց տնտեսության մեջ կարծես թե չկա այդ բանկի գոյության հիմնարար, էական որեւէ ցուցիչ, շոշափելի արդյունք: Մինչդեռ Համահայկական բանկի ամբողջ իմաստը պետք է լիներ տնտեսության մեջ դրա գործունեության բեկումնային արդյունքի առկայությունը:

 

Հայաստանն անկարող եղավ որեւէ կերպ առարկայացնել 7 տարի առաջ հռչակված կարեւորագույն գաղափարները: Կարող է տեսակետ լինել, որ դրանց իրականացմանը խոչընդոտել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Բայց, այդ կարեւոր գաղափարները Հայաստանի համար պետք է լինեին հենց հակաճգնաժամային համազգային նախաձեռնություններ, որոնց շուրջ մոբիլիզացնելով նախ համահայկական ռեսուրսը, հնարավոր կլիներ հենց դրանց միջոցով հակազդել ճգնաժամի Հայաստանի համար բավական ծանր հետեւանքին: Պարզապես դրա համար անհրաժեշտ էին ներքին բարեփոխումներ, համակարգային էական վերափոխումներ:

 

Մեծ եւ հավակնոտ, նույնիսկ երազկոտ գաղափարներն ու ծրագրերը չափազանց ծանր են Հայաստանի ներկայիս «էլիտայի» համար, որի աշխարհայացքը, արժեքներն ու որակները կարող են համարժեք լինել զուտ պարենային խոշոր ծրագրերին: Հայկական ներկայիս «էլիտայի» երազանքները սկսում են սառնարանի դռնից եւ մոխրանում մանղալի վրա, իսկ նոր ատոմակայանը, Իրան-Հայաստան երկաթուղին ու իրապես գործող Համահայկական բանկը գաղափարներ են, որոնք որեւէ կերպ չեն կարող տեղավորվել սառնարանից մանղալ ընկած ճանապարհին: Այդ գաղափարներին մոտենալ կարող է միմիայն նոր եւ իրական, առանց չակերտների էլիտան:

lragir.am

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հիշարժան տարեթվեր