Մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով


Մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով

  • 07-10-2015 16:38:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ կկրի Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև լեգենդար հետախույզի կինը՝ Գոհար Վարդանյանը, ով իր շնորհակալությունը փոխանցելով նախաձեռնողներին ու այն իրագործողներին, կրթօջախում սովորող աշակերտներին խորհուրդ է տվել լինել աշխատասեր, պատասխանատու, նվիրված ու հայրենասեր:
 
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն իր հերթին նկատել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել Գևորգ Վարդանյանի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես մատաղ սերնդի համար: 
«Մենք հպարտանալու մեծ առիթ ունենք, որովհետև Սովետական Միությունում հայազգի լեգենդար հետախույզն առաջիններից մեկն է եղել, որը պարգևատրվել է Սովետական Միության հերոսի կոչումով: Իրավամբ մեզ համար այսօր տոն է, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հարգելով Գևորգ Վարդանյանի գործընկերների, մերձավորների, հարազատների, ինչպես նաև համար 192 հիմնական դպրոցի մանկավարժական ու ծնողական համայնքի խնդրանք-առաջարկը, կայացրեց այս որոշումն ու դպրոցի անվանակոչման հարցն ընդգրկվեց Երևանի ավագանու նիստի օրակարգում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը: 
Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկաներին ողջունել են իրենց ելույթներով: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և լեգենդար հայ հետախույզի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ միասին դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է նաև կրթօջախում բացված Գևորգ Վարդանյանի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն