ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Հայաստանի մի շարք մարզերում կիրականացնեն կրթական և բուժական ծրագրեր


ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Հայաստանի մի շարք մարզերում կիրականացնեն կրթական և բուժական ծրագրեր

  • 07-10-2015 17:28:28   | Հայաստան  |  Հասարակություն
Ողջունելով Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբին` Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող` Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանին և բոլոր մասնագետներին` տասնօրյա այցի ընթացքում նախանշված աշխատանքների, բարի ցանկությունների համար։
 
«Անգնահետելի է սփյուռքահայ մեր գործընկերների ազդեցությունը Հայաստանում առողջապահական համակարգի և բժշկության զարգացման վրա։ Մեր բժշկագիտությունը արագ զարգացավ հատկապես 1990-ականներին, երբ մեծ աջակցություն ստացանք սփյուռքահայ բժիշկներից»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ բժիշկների մի նոր սերունդ ձևավորվեց, որն աշխատում է միջազգային չափարոշիչներով և նոր մոտեցումներով։ Նախարարը նշեց, որ առանձին անհատներ կարողացան ամբողջ մի ուղղություն փոխել, դպրոցններ ստեղծել։ Սրտաբանության ոլորտում նման առաքելություն ունեցավ Հրայր Հովակիմյանը, իսկ ուրոլոգիայում` Կարո Դերձակյանը։
 
«Ձեր այցելությունը մեզ համար մեծ կարևորություն ունի` հաշվի առնելով, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է նման առաքելություն իրականացնել»,-ասաց նախարարը։
 
Նախարարը նշեց, որ ինչպես աշխարհի բոլոր երկրների առողջապահական համակարգերում, այնպես էլ` Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ կան։ «Բայց մեզ համար առանձնահատուկ կարևոր էր կանոնակարգել, չափագրել և ղեկավարել բժշկական օգնության որակը»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով վերջին տասը տարում կառուցված մարզային ժամանակակից հիվանդանոցներում միայն միջազգային չափորոշիչներով աշխատելը։ Նախարարն ուրախությամբ փաստեց, որ հենց նախորդ օրն Ազգային ժողովը երկրորդ ընթեցմամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որով օրենքի պահանջ է դառնում ինչպես շարունակական մասնագիտական զարգացումը, այնպես էլ` գործելակարգերով և չափորոշիչներով աշխատելը։ Օրենքի պահանջով կձևավորվի հավաստագրման կենտրոն, որն էլ, հավաքած կրեդիտները հաշվի առնելով, կհավաստագրի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` այլ երկրներից եկող մասնագետներին։
 
Ամերիկայից ժամանած բժիշկների խմբի անունից շնորհավորելով կարևոր այդ ձեռքբերման համար` Պերճ Ապգարյանը հիշեց, որ նախարարն այդ խնդիրը բարձրաձայնել է մեկ տարի առաջ կայացած իրենց հանդիպման ժամանակ։ «Գնահատում ենք Ձեր ջանքերը»,-ասաց նա։
 
Այնուհետև Արմեն Մուրադյանն իր հյուրերին ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, ինչպես նաև վերջին մեկ տարում արձանագրված ձեռքբերումները։ Անդրադառնալով կադրային քաղաքականությանը` նշեց, որ 2014թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է բժշկական մասնագիտությունների նոր ցանկը։ Ծանոթացրեց 2015թ. մեկնարկած սկրինինգային, սոցփաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ զննումների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների կյանք փրկող և այլ ծրագրերին։
 
Ընդգծելով նախարարության ուղղվածությունը դեպի առողջության պահպանում, այլ ոչ թե հիվանդաբուժություն` Արմեն Մուրադյանն անդրադարձավ հանրային առողջապահական ծրագրերին։ «Մենք շեշտը դնում ենք ծխելու և ալկոհոլի չարաշահման դեմ պայքարի, առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության ապահովման վրա»,-շեշտեց նախարարը։
 
Մատնանշելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները` Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև այս ոլորտում առկա դժվարությունը, մասնավորապես` հանային առողջապահական ծրագրերի հանդեպ առանձին ՀԿ-ների, անհատների ժխտողական, բայց ոչ
 
գիտականորեն հիմնավորված վերաբերմունքը։ ԱՄՆ-ից ժամանած մասնագետներին զարմացրեց հատկապես ցորենի ալյուրի հարստացման ծրագրի հանդեպ նման վերաբերմունքը։
 
«Մենք գերադասեցինք տարիներ շարունակ կուտակված խնդիրների կծիկը քանդել` լավ պատկերացնելով դրա դժվարությունները։ Բայց այդ խնդիրներին լուծումներ գտնելն օրախնդիր էր»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը` ակնկալելով ինչպես երկրի, այնպես էլ սփյուռքահայ գործընկերների աջակցությունը։
 
Պերճ Ապգարյանը ներկայացրեց խմբի բոլոր մասնագետներին, որոնց մի մասն այլ ազգերի ներկայացուցիչ են։ Պատվիրակության անդամներից ոմանք ամբողջ խմբի անունից իրենց պատրաստակամությունը հայտնեցին այցի շրջանակում հնարավորինս օգտակար լինել Հայաստանի առողջապահական համակարգին և հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմանը։
 
ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն այսօրվանից Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում վաղվանից կսկսեն կրթական, բուժական իրենց գործունեությունը։
 
«Առանց Ձեր մեծ աջակցության մեր այս ծրագիրն իր նպատակին չէր ծառայի։ Հուսով եմ, որ այն շարունակական կլինի»,-ասաց Պերճ Ապգարյանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ողջ այցի ընթացքում մշտական կապի մեջ գտնվել նախարարության և անձամբ նախարարի հետ։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play