Ամենատեղակացված լրագրողներից շատերն անգամ իրազեկ չեն իրենց իսկ իրավունքների մասին


Ամենատեղակացված լրագրողներից շատերն անգամ իրազեկ չեն իրենց իսկ իրավունքների մասին

  • 07-10-2015 18:37:06   | Հայաստան  |  Իրավունք

Ամենատեղակացված մասնագիտության տեր մարդիկ` լրագրողները, իրականում  այդքան էլ լավ իրազեկված չեն սեփական աշխատանքային իրավունքի, մասնավորապես,  ՀՀ աշխատանքային օրենսգրքով իրենց հասանելիք լրացուցիչ արձակուրդի մասին:
 
Այս մասին հայտնի դարձավ գործող լրագրողների շրջանում «Նոյյան Տապան»-ի կողմից անկացված հարցումների արդյունքում: Պարզվեց,  որ լրագրողների մեծ մասն առաջին անգամ է լսում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի մասին, ըստ որի` լրագրողները, որպես չնորմավորված աշխատանքային  օրով աշխատողներ, ունեն լրացուցիչ  4  աշխատանքային օր արձակուրդի իրավունք:  Հարցվողների գերակշիռ մեծամասնությունը նաև նշեց, որ աշխատանքային պայմանագիրը ստորագրելիս ամբողջությամբ այն չի ընթերցել, հետևաբար հստակ չի կարող ասել, թե վերոնշյալ կետը պայմանագրում առկա է, թե ոչ:
«Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանված է ՀՀ կառավարույթան 11.08.2005թ. N1384-Ն որոշմամբ:
«Արձակուրդի իրավունքի մասին, հավանաբար, գիտեն բոլոր աշխատողները և գործատուները, բայց աշխատանքի բնույթով պայմանավորված միշտ չէ, որ աշխատողը հստակ գիտի իր արձակուրդի տևողության մասին.  խոսքը վերաբերում է լրացուցիչ կամ երկարացված արձակուրդի իրավուքն ունեցող կատեգորիաներին»,- ասաց Հ. Տիգրանյանը:
Նրա տեղեկացմամբ` եթե նվազագույն արձակուրդի տևողությունը 20 օր է 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում կամ 24 օր` 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպում, ապա այս վերջինի դեպքում օրենսդրությամբ սահմանված է ավելի երկար տևողությամբ արձակուրդ: 
Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ երկարացված` 25  աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30  աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում  ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում  աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: 
Աշխատանքի հատուկ պայմաններում  աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների թվում են լրագրողները,  բժիշկները, բուժքույրերը, գնացքների, էլեկտրագնացքների և լոկոմոտիվների վարորդները, գրադարանավարները, մատենագետները, փաստաթղթավարները, պոլիգրա‎ֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներն ու հարակից մասնագիտությունների մասնագետները, ինքնաթիռների օդաչուները և հարակից մասնագետները, հարկային, մաքսային, քաղաքացիական ծառայողները, հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողները և այլն: 
«Ըստ ՀՀ կառավարույթան 11.08.2005թ. N1384-Ն որոշման` լրագրողի ամենամյա նվազագույն արձակուրդի 20 կամ 24 աշխատանքային օրերին ավելացվում է ևս 4 լրացուցիչ օր, որն աշխատողն իր ցանկությամբ կարող է միացնել ամենամյա արձակուրդին կամ վերցնել առանձին, իսկ թե որքանով են մեր լրագրողները տեղյակ իրենց այս իրավունքից, միանշանակ դժվար է պատասխանել, քանի որ որևէ պաշտոնական հարցում կամ վերլուծություն արված չէ՝  հստակ պատկերը ներկայացնելու համար»,- ասաց Հ. Տիգրանյանը:
Նրա փոխանցմամբ` գործող օրենսդրությունը չի պարունակում արձակուրդի իրավունքի և տևողության մասին աշխատանքային պայմանագրում  նշում կատարելու պարտադիր պահանջ, որի պարագայում գործատուն ստիպված կլիներ տեղեկացնել իր աշխատաողին վերոնշյալ իրավունքի մասին: 
Հ. Տիգրանյանի կարծիքով` նշված օրենսդրական բացթողումը նպաստում է, որպեսզի գործատուն օգտվի այդ հնարավորությունից և չտեղեկացնի աշխատողին:
Իրավապաշտպանի պնդմամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն /ընդունվել է 2015 թվականի հունիսի 22-ին/ նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրում պարտադիր պետք է նշվի ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը. «Սա նշանակում է, որ այսուհետ պայմանագիրը ստորագրելու պահից արդեն իսկ աշխատողը տեղեկացված կլինի իր արձակուրդի իրավունքի և դրա տևողության մասին»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Իրավունք